Եվրախորհրդարանականները կոչ են արել պաշտպանության տակ առնել Արցախի հայկական մշակույթը

Մեկնաբանելով Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության սկանդալային նախաձեռնությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են հայկական եկեղեցիները որպես «ալբանական» ներկայացնելու և հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունները։

«Միջազգային հանրությունը պետք է հենց հիմա սկսի գործել։ Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը կեղծելու, խեղաթյուրելու կամ ոչնչացնելու ցանկացած փորձ»,- Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը։

Նիդեռլանդներից պատգամավոր Պիթեր վան Դալենը Twitter-ում գրել է, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն. «Ադրբեջանը հայտարարել է, որ ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից։ Եվրախորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսը (Եվրախորհրդարանի անդամ) և Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը», տեղեկացնում է News.am։