Ադրբեջանն Արցախում հայկականության հետքն է ջնջում. բողոքի ակցիա ՄԱԿ–ի դիմաց

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է ընթանում` Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով։ Մասնակիցները գրասենյակի առջև են եկել տասնյակ պաստառներով և հայկական պատմամշակութային կառույցների լուսանկարներով, որոնք 44–օրյա պատերազմից հետո հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ և ենթարկվում են վանդալիզմի։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանի խոսքով` ակցիան նախաձեռնել են մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական գործիչներ։

«Մենք ամիսներ շարունակ այս խնդիրը բարձրացնում ենք ։ Դեռևս նախորդ տարվանից նամակ էինք հղել ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայան` բարձրացնելով մշակութային ժառանգության վերացման խնդիրը։ Չնայած Հաագայի դատարանն իր վճռով ուղղակի պարտավորեցնում է Ադրբեջանին բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի որևէ գործողություն, բացառել ձևախեղումը, յուրացումը , սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում , մասնավորապես փոխում է իր մարտավարությունը։ Ադրբեջանն այժմ պնդում է, թե այն ժառանգությունը, որ Հայաստանը դարեր շարունակ ունի Արցախում` հայկական չէ, ինչը բացարձակ սուտ է»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` եթե այժմ քայլեր չձեռնարկվի, ապա Հայաստանն ուղղակի կորցնելու է Արցախում հայկականությունը։

«Այդպիսի ռազմավարությամբ Ադրբեջանն ուզում է բացառել հայկական կողմից ինքնորոշման իրավունքի և Արցախի նկատմամբ որևէ հավակնություն»,–ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Նա պնդում է, որ խնդիրը միայն մշակութային չէ, սա լուրջ հեռահար նպատակներ է հետապնդում։

Աբրահամյանի կարծիքով` ռուս խաղաղապահները պետք է ոչ միայն Արցախի բնակիչների անվտանգությունն ապահովեն, այլև Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանումը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպելու են ՄԱԿ–ի նորանշանակ ներկայացուցչի հետ և բարձրացնելու իրենց մտահոգող հարցերը։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ից պատասխանել էին «Արմենպրեսին» և շեշտել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար: Նրանք կոչ էին անում բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը։