ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԱՅՑ. ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՌԱԿՏԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
«Ցավալի է, որ պարոն Սինանյանը, որն արդեն առնվազն մեկ տարի շարունակ փորձում է առաջ մղել իբրև CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ-խմբ.) այլընտրանք ներկայացող փոքր խմբերին, շարունակում է համառորեն շարժվել այդ ճանապարհով՝ հակառակ Ֆրանսիայում Հայաստանի շահերի։ Նման պահվածքով գլխավոր հանձնակատարը պատմության առջև շատ ծանր պատասխանատվություն է վերցնում համայնքի թուլացման համար, որն իր ուժը քաղում է հենց իր միասնականությունից։ Նրա գործողությունները չեն ծառայում ո՛չ Ֆրանսիայում Հայաստանի շահերին, ո՛չ Ֆրանսիայի հայերի շահերին, ո՛չ էլ բուն Ֆրանսիայի շահերին, որը ճանաչում և հարգում է CCAF-ին»։
Սա մեջբերում է CCAF-ի հայտարարությունից, որը հրապարակվել Է կազմակերպության ֆեյսբուքյան էջում փետրվարի 11-ին: Հաջորդած հաղորդագրություններն ու հրապարակումները ԶԼՄ-ներում, տելեգրամ-ալիքներում, վկայում են, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Ֆրանսիա կատարած այցը նշանավորվել է սկանդալով և փաստացի ձախողմամբ։ Ծանուցված հանդիպումները «հայ համայնքի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ ֆրանսահայերի հետ համագործակցության ամրապնդման նպատակով» գործնականում տեղի չեն ունեցել կամ կայացել են բնավ ոչ ծրագրված ձևաչափով ու մասշտաբներով:
Այցը պետք է տեղի ունենար դեռ անցած տարվա հոկտեմբերին, սակայն CCAF-ի նախաձեռնությամբ այն հետաձգվեց, որպեսզի Սինանյանը կարողանա մասնակցել Փարիզում հայ համայնքի ամենամյա ավանդական ընթրիքին: Արդյունքում ընթրիքը տեղի է ունեցել առանց հանձնակատարի, սակայն ներկա են եղել ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Re:public of Artsakh տելեգրամ-ալիքը ներկայացրել է ընթրիքի մասնակիցների ցուցակը, որը ևս մեկ անգամ վկայում է ոչ միայն համայնքում, այլև Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության շրջանում CCAF-ի վայելած հեղինակության և ազդեցության մասին:
Միջոցառմանը ներկա է եղել երկրի փաստացի ողջ քաղաքական էլիտան, բացառությամբ նախագահ Մակրոնի, որն այդ ժամանակ գործուղման մեջ էր (Ուկրաինայի հետ կապված հարցերով)։ Իր փոխարեն նա պատվիրակել էր վարչապետ Ժան Կաստեկսին։ Մասնակիցների թվում էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (նախագահի թեկնածու), Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը (նախագահի թեկնածու), կառավարության մամլո քարտուղար Գաբրիել Ատտալը, պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմանը, բազմազանության և հավասար հնարավորությունների հարցերով նախարար Էլիզաբեթ Մորենոն, Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Պուպպոնին:
Սկզբում CCAF-ը հանձն էր առել Սինանյանի ուղևորության կազմակերպումը։ Սակայն բոլոր ծրագրերը խախտեց իրեն «Հայկական շարժում» կոչող ինչ-որ կազմակերպության համաժողովին մասնակցելու հանձնակատարի որոշումը և համաձայնագրի ստորագրումն այն մասին, թե այսուհետ հենց այդ կառույցն է ներկայացնելու Հայաստանը «Ֆրանսիայի պաշտոնյաների առջև»։ Նշենք նաև, որ այդ «Շարժումը» սոցցանցերում մշտապես տարածում է CCAF-ի ղեկավարության հրաժարականի պահանջներ՝ «Հայաստանում առկա քաղաքական նախասիրությունների պատճառով»։
Թե ինչ է թաքնված այս ձևակերպման տակ՝ դժվար չէ հասկանալ. Համակարգող խորհուրդը թեև չի ներկայանում որպես զուտ դաշնակցական կազմակերպություն, սակայն շատ մոտ է ՀՅԴ-ին և Հայ Դատին։ Իսկ «Շարժումը» չի թաքցնում իր ջերմ նվիրվածությունը Հայաստանի ներկա իշխանություններին։ Ուստի բնավ զարմանալի չէ ինչպես Սինանյանի մասնակցությունը համաժողովին, այնպես էլ ստորագրված «համաձայնագիրը», որը CCAF-ի կողմից բնութագրվեց որպես «հարված Ֆրանսիայի ամենաազդեցիկ հայկական կազմակերպությանը»։
Ընդ որում Համակարգող խորհուրդն ամենևին էլ այցի պայման չէր դրել հրաժարումն այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, պայմանավորվածություն կար, որ Սինանյանը կարող է ցանկացած հանդիպում անցկացնել իր հայեցողությամբ, սակայն փակ ռեժիմով, իսկ այ հրապարակային հանդիպումները պետք է անցկացվեին CCAF-ի ծրագրած շրջագայության շրջանակներում:
Ինքը՝ հանձնակատարը որոշ բացատրություններ է տվել փետրվարի 10-ին Փարիզում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Համակարգող խորհրդի արձագանքը նա անվանել է տարօրինակ, հայտարարելով, թե այնտեղ տեղյակ էին այլ կառույցների, այդ թվում՝ «Շարժման» հետ իր շփումների մասին, սակայն կոչ են արել բոյկոտել այցը իր ժամանումից 10 օր առաջ: Ըստ էության, Փաշինյանի պաշտոնյան թաքցնում է հրապարակային հանդիպումների վերաբերյալ CCAF-ի հետ իր պայմանավորվածության փաստը։
Փոխարենը շատ գորովաշարժ է նրա մեկ այլ խոստովանություն. «CCAF-ը շատ կարևոր կազմակերպություն է Ֆրանսիայում, որի վաստակը ես ընդունում եմ: Բայց հատկապես պատերազմից հետո շատ բան է փոխվել, հայտնվել են այլ կազմակերպություններ, անհատներ, որոնք նոր նախաձեռնություններ են առաջարկում։ CCAF-ն այլևս չունի Ֆրանսիայի հայերի բացառիկ ներկայացուցչությունը։ Այս ամենը նրանց ընտրությունն է»։
Ըստ էության, հայաստանյան կառավարության հյուրընկալված պաշտոնյան, որի (կառավարության) նկատմամբ վերաբերմունքը պատերազմից հետո ողջ աշխարհի հայկական Սփյուռքում բավական անմիանշանակ է, փորձում է տարբերակել ֆրանսահայերին ՀՀ իշխանությունների հանդեպ նրանց լոյալության հատկանիշով։ Փաշինյանի կառավարությունն ակնհայտորեն զբաղված է ոչ միայն Սփյուռքի թուլացմամբ, այդ թվում՝ պառակտման ճանապարհով, այլև սարքում է «իր» կառույցները, ջանալով դուրս մղել հայկական ավանդական կազմակերպություններին, որոնք ներկայացնում է գլխավորապես ՀՅԴ-ն։
Պատճառը հասկանալի է.Նիկոլին պետք է սփյուռք, որը ջերմորեն աջակցում է «խաղաղության դարաշրջանի» իր նախաձեռնությանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների և հաղորդակցության բացմանը։ Նրան պետք է այնպիսի սփյուռք, որը չի հիշում դավաճանական պատերազմի և Արցախը հանձնելու մասին, այն մասին, որ ինքը շարունակում է հանձնել հայկական տարածքներն ու շահերը՝ հօգուտ թուրքերի։ Նիկոլին պետք է ճիշտ նույնպիսի կեղծ հայկական, իսկ իրականում թուրքամետ սփյուռք, ինչպիսին ինքն է ու իր խունտան։ Ոտքից գլուխ ծախված զոմբի-սփյուռք, որը կդիմավորի իրեն ջերմ ողջույններով, տպավորություն ստեղծելով, թե սփյուռքահայերը լիովին աջակցում են ՀՀ գործող իշխանություններին։
Այս խորապատկերին փոքր-ինչ տարօրինակ է թվում CCAF-ի համանախագահ, «Nouvelles d'Armenie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի նամակը՝ հասցեագրված Փաշինյանին։ Հաղորդելով վերջինիս Սինանյանի այցի պատճառած վերոնշյալ բոլոր տհաճությունների մասին, Թորանյանն ընդգծում է. «Գլխավոր հանձնակատարը համառորեն պառակտում է մտցնում այնտեղ, որտեղ մինչ այդ թագավորել է միասնությունը, և այդպիսով թուլացնում է Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական կշիռը։ Սփյուռքի ամենաքաղաքականացված և կազմակառուցված բևեռը թուլացնելու այս փորձերը սարսափելի են։ Եվ ես երախտապարտ կլինեմ, եթե դուք վերջ դնեք այս ամենին՝ հանուն մեր ազգային շահերի, ինչպես նաև հեղափոխության սկզբունքների»։
Եվ այնուհետ. «Ի գիտություն նրանց, ովքեր կհամոզեն ձեզ, թե այս ամենի հետևում կանգնած են դաշնակցականները. CCAF-ը միավորում է համայնքի բոլոր շերտերին, ես ինքս ձեր համակիրներից մեկն եմ և պաշտպանել եմ ձեզ, մասնավորապես, երբ FRA-ն (Ֆրանսիայի ՀՅԴ-ն-Մ.Գ.) պահանջում էր ձեր հրաժարականը։ Սակայն կարծիքների այդ բազմազանությունը, իսկ երբեմն էլ հակասությունները, չեն խանգարում մեզ գործընկերներ լինել ֆրանսիական շրջանակներում, որպեսզի CCAF-ի հետ միասին պաշտպանենք հայկական պետությունն ու ֆրանսահայերի իրավունքները»։
Տարօրինակ է, որ նման դիրք եվ փորձ ունեցող մարդը չի հասկանում, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը, լինելով իշխանական թիմի անդամ, երբեք չէր համարձակվի այդ կերպ գործել առանց Փաշինյանի անմիջական թույլտվության և հրահանգի։ Եվ որ հայկական Սփյուռքի պառակտման ուղղությամբ Սինանյանի գործողությունները բուն Հայաստանում հասարակության պառակտմանն ուղղված և Փաշինյանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչն ու չափազանց էական մասը կազմող գործողությունների անմիջական հետևանքն ու շարունակությունն են։ Քաղաքականություն, որը գոյաբանական սպառնալիք ներկայացնում Հայաստանի և համայն հայության համար, ինչը վաղուց հասկացել են մեր բոլոր ողջամիտ հայրենակիցները ինչպես բուն երկրում, այնպես էլ արտասահմանում։
Մինչդեռ կառավարական կայքերն ու պաշտոնական լրատվամիջոցները ամեն կերպ փորձում են ներկայացնել Սինանյանի ուղևորությունը որպես հաջողված այց։ Սակայն, ըստ տեղերից ստացված հաղորդագրությունների, առանձնակի ներկայացուցչական հանդիպումներ նա դեռ չի ունեցել, այդ թվում՝ Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչների հետ։
Այդ հանդիպումները պետք է կազմակերպեր հենց CCAF-ը, որին հանձնակատարը փաստացի փորձեց վարկաբեկել՝ հանդես գալով հեղինակավոր կազմակերպությանը հասցեագրված վիրավորական հարձակումներով։ Այժմ Սինանյանն ու Նիկոլը ունեն «այլ նախաձեռնություններ առաջարկող ուրիշ կազմակերպություններ»։ Սակայն այդ «ուրիշները» չունեն ո՛չ հատուկ ներկայացուցչություն համայնքի միջավայրում, ո՛չ էլ որևէ ազդեցություն Ֆրանսիայի կառավարական շրջանակներում։ Ավանդական ընթրիքի հյուրերի ցանկը դրա լավագույն ապացույցն է։
Ասենք, բոլոր այս փաստարկները հիմնավորված կլինեին մի դեպքում. եթե Սինանյանն ու Փաշինյանը հետապնդեին Հայաստանի, Արցախի և հայկական Սփյուռքի շահերը։ Տվյալ դեպքում ակներև են միանգամայն այլ շահեր ու նպատակներ, որոնք լիովին համընկնում են խունտայի քաղաքականությանը մնացած բոլոր ոլորտներում։