Առավոտյան էլ ենք եղել Շուշիի մուտքի մոտ. ադրբեջանցիների հետ ամեն օր բանակցում են

Արցախի օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու համար ամեն օր բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առավոտյան ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այցելել է Շուշիի մուտքի մոտ, որտեղ ադրբեջանական կողմի հետ մշտապես անցկացվում են բանակցությունները։ Հերթական անգամ այն ապարդյուն է ավարտվել` ադրբեջանական կողմը դեռևս չի համաձայնվում, որպեսզի Արցախի օկուպացված տարածքում կարողանանք վերսկսել որոնողական աշխատանքները»,– նշեց Թադևոսյանը։

Նա հույս ունի, որ եղանակները տաքանալուն զուգահեռ, կհաջողվի արդյունքի հասնել ու կրկին վերսկսել աշխատանքները։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։

ՀՀ քննչական կոմիտեի հրապարակ տվյալների համաձայն` Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:

Անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարի 9-ին հայտնել էր, որ անհետ կորած է համարվում 217 հոգի։