Հակառակորդին պետական գաղտնիք փոխանցած զինվորականներից 14-ը կալանավորել են

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում կալանավորվել է 14 զիվորական, փոխանցում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։

Ավելի վաղ պարզվել էր, որ քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով 44-օրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։