Բլինքենը Մինսկի համաձայնագրերին նվիրված ՄԱԿ ԱԽ նիստում ելույթ կունենա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը ելույթ կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված կլինի Մինսկի համաձայնագրերին։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդը։

«Անցած գիշեր Սպիտակ տան, Ազգային անվտանգության խորհրդի և Պետդեպարտամենտի հետ մի շարք զրույցներից հետո ես պետքարտուղար Բլինքենին խնդրեցի գալ և Ուկրաինայի լուրջ իրավիճակի առնչությամբ ուղղակիորեն դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին»,- գրել է Թոմաս Գրինֆիլդը։

Բլինքենը, նրա խոսքով, Մյունխեն գնալու ճանապարհին ժամանում է Նյու Յորք, որպեսզի ցույց տա ԱՄՆ-ի վճռական նվիրվածությունը դիվանագիտությանը և դեէսկալացիայի ուղի առաջարկի, տեղեկացնում է News.am: