Փաշինյանը որոշում է ստորագրել. ներդրումային կոմիտե է ստեղծվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ներդրումային կոմիտե է ստեղծվում։ Տեղեկությունը հրապարակվել է e-gov.am հարթակում։

Որոշման հավելվածում նշվում է, որ կոմիտեի հիմնական խնդիրներն են` գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը, որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և համալրումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող անաչառ որոշումների կայացումը։

Բացի այդ, ներդրումային կոմիտեն պետք է քննարկի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը և առանձին որոշում կայացնի։

Ներդրումային կոմիտեի նիստը պետք է նախագահի ՀՀ վարչապետը։ Նիստերը ձայնագրվելու են, արձանագրվելու, բայց չեն հրապարակվելու, տեղեկացնում է Sputnik Արմենիա։