Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում

Տավուշի մարզում ներկա պահին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ ձմռան եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Տավուշի մարզում այս պահին «Ճանապարհային ցանցի բարելավում», «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների շրջանակներում ճանապարհաշինական աշխատանքներ չեն ընթանում»,- ասված է պատասխանում։

Միաժամանակ նախարարությունը հայտնում է, որ 2021թ–ին մեկնարկած Մ-4 միջպետական (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) ճանապարհի 8 կմ–անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են ու կվերսկսեն գարնանը։

Հիշեցնենք` օրերս «Փաստինֆոն» գրել էր, որ իր աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունների որոշմամբ Ոսկեպար գյուղ տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ։ Ըստ կայքի` տվյալ տարածքում այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվում։

Նշենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են Տավուշում տարածքային զիջումներ անել Ադրբեջանին` նախատեսվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակներում։