Ռոբերտ Քոչարյան. Արցախը միշտ մերն է լինելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ 34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Շարժմանը մասնակցեց ողջ հայությունը:

Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:

«Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:

Արցախը միշտ մերն է լինելու»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: