Եվրանեսթի նիստին Երևան կժամանեն 2 ադրբեջանցի պատգամավոր

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երևան կժամանեն ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Միլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժինը։

Փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստերը:

Նշենք, որ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Երևան, սակայն ինքը չի կարող միանշանակ պնդել, որ այցը կկայանա:

Հայկական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսություն վարել ադրբեջանցի պատգամավորների հետ։

Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով իրենց մոտ անցկացնում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երևանին։