ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է ուկրաինացի դիվերսանտների ոչնչացման մասին. Ուկրաինան հերքում է այդ տեղեկությունը

Սահմանապահները ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ ՌԴ-ի հետ սահմանին Ուկրաինայի զինվորականների երկու դիվերսիոն խումբ են ոչնչացրել, դրա անդամներից մեկը գերեվարվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստին, որն անցկացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր գիշերը Ուկրաինայի զինվորականների երկու դիվերսիոն խումբ դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության հետ սահման Լուգանսկի մարզում և Մարիուպոլի տարածքից։ ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ մեր սահմանապահների մղած մարտի արդյունքում այս երկու դիվերսիոն խմբերը ոչնչացվել են։ Ուկրաինացի զինծառայողներից մեկը գերեվարվել է»,- ասել է Բորտնիկովը։

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ավելի քան 68 հազար բնակիչ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով երկուշաբթի առավոտյան ժամանել է Ռուսաստան, ասել է Բորտնիկովը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է իրավիճակը դեգրադացվում երկու հանրապետությունների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքում։ Գնդակոծությունների թիվն ավելացել է՝ առաջին հերթին, այնպես, որ դա վտանգում է խաղաղ բնակչության կյանքը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փախստականների տեղաշարժ է սկսվել դեպի Ռուսաստանի սահմաններ,- ասել է նա։- Այս պահի՝ առավոտյան ժամը 9-ի դրությամբ, Դոնեցկի ևԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք է ժամանել 68.5 հազար խաղաղ բնակիչ։ Սահմանապահները հենց այս ցուցանիշն է արձանագրում»։

Իր հերթին, ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը հերքում է այս տեղեկությունը։

«Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Միացյալ ուժերի օպերացիայի շտաբը պատասխանել են ռուսական լրատվամիջոցների և ՌԴ պաշտպանության նախարարության՝ «դիվերսիայի» մասին հայտարարություններին:

Մեկնաբանությունը հայտնվել է Կուլեբայի թվիթերյան էջին:

«Ես կտրականապես հերքում եմ ՌԴ ապատեղեկատվությունը։ Ուկրաինան չի հարձակվել Դոնեցկի, Լուգանսկի վրա, սահմանով դիվերսանտներ կամ զրահափոխադրիչներ չի ուղարկել, չի հրետակոծել Ռուսաստանի Դաշնության տարածքը կամ սահմանի անցակետը, դիվերսիա չի կատարել և նման գործողություններ չի պլանավորում»,- ասել է նախարարը։ Նա նաև ՌԴ-ից պահանջել է անհապաղ կանգնեցնել ֆեյքերի ֆաբրիկան:

Միացյալ ուժերի օպերացիայի շտաբը LIGA.net-ին տված մեկնաբանությունում ևս հերքել է ռուսական լրատվամիջոցների ֆեյքն ուկրաինական «դիվերսանտների» կողմից ուկրաինա-ռուսական սահմանի իբր հատման մասին։

«Ամեն օր շեշտում ենք, որ հարձակողական գործողություններ չենք իրականացնում։ Ո՛չ մեր տեխնիկան, ո՛չ զինվորականները ֆիզիկապես չէին կարող այնտեղ հայտնվել. մենք չենք գրոհում։ Դրանք շինծու բաներ են, պարզապես ֆեյքեր, որոնք խելահեղ տեմպերով արտադրվում են մեր զինված ուժերի վարկաբեկման և իրավիճակի սրման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՄՈւՕ-ի շտաբում ընդգծել են, որ քարոզչության կողմից տարածվող փաստերից որևէ մեկն իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է News.am: