Հայաստանի պատվիրակության ղեկավարը կողմ չի քվեարկել հակառուսական բանաձևին

Երևանում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի երեկվա նիստում ընդունվել է բանաձև, որին «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել։

Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց հենց ինքը` Կարապետյանը` տեղեկացնելով, որ ձեռնպահ է քվեարկել։

Ըստ մամուլի` բանաձևն ունի հակառուսական բովանդակություն և կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը, սակայն, հրաժարվեց խոսել բանաձևի բովանդակության մասին` առաջարկելով մի փոքր սպասել։

«Ես, քանի որ այդ ուղերձին կողմ չեմ քվեարկել, նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել դա։ Ես կարող եմ պաշտպանել իմ դիրքորոշումը,– ասաց նա,– այսօր բյուրոյի երկրորդ նիստում բանձևի բովանդակությունը նորից կքննարկվի, խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից, որից հետո կհրապարակվի, կծանոթանաք»։

Կարապետյանը հույս հայտնեց, որ խաղաղությունը կպահպանվի։ «Առհասարակ, մենք, լինելով երկիր, որն 2020թ–ի աշնանը անցել է պատերազմի արհավիրքի միջով, այլ ակնկալիք կամ այլ հույս չի կարող ունենալ»,– ասաց Հայաստանի պատվիրակության ղեկավարը։

Նշենք, որ Երևանում քննարկված բանաձևի մասին հայտնել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։ Ըստ ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրության` բանաձևը Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում ընդգրկվել է ուկրաինական պատվիրակության նախաձեռնությամբ։

Կայքի մեկնաբանմամբ` ամփոփիչ փաստաթղթերում առաջին անգամ արձանագրել է «Ղրիմի միջազգային հարթակի ստեղծման կարևորությունը՝ որպես խորհրդակցությունների և համակարգման ձևաչափ՝ Ղրիմի օկուպացիային վերջ տալու համար»։

«Կարևոր է ժամանակին կոչ անել Եվրամիությանը պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության դեմ խիստ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների արագ կիրառմանը, եթե Կրեմլը շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և կրկին հարձակում ձեռնարկի Ուկրաինայի դեմ», - ուկրաինական աղբյուրի փոխանցմամբ` ասվում է ուղերձում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։