ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում արտասահմանյան հաստատությունների աշխատակիցների տարհանման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով Ուկրաինայում ռուսական արտասահմանյան հաստատությունների ներկայացուցչությունների աշխատակիցների տարհանման մասին, որը կիրականացվի շատ մոտ ապագայում։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ 2014 թվականից Կիևում ՌԴ դեսպանատունը և Օդեսայում, Լվովում և Խարկովում երկրի գլխավոր հյուպատոսությունները բազմիցս հարձակումների են ենթարկվել:
«Պարբերաբար սադրանքներ են կազմակերպվել Կիևում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի դեմ, վնաս է հասցվել դրա ղեկավարի առողջությանը, վնասվել է կենտրոնի գույքը։ Ագրեսիվ գործողությունների օբյեկտ են դարձել նաև ռուս դիվանագետները։ Նրանք ֆիզիկական բռնության սպառնալիքներ են ստացել։ Նրանց ավտոմեքենաներն այրվել են։ Հակառակ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, Կիևի իշխանությունները տեղի ունեցողին չեն արձագանքել: Այս պայմաններում մեր առաջնահերթ խնդիրն է հոգ տանել ռուս դիվանագետների և դեսպանատան և գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մասին։ Նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել Ուկրաինայում ռուսական օտարերկրյա առաքելությունների անձնակազմին, ինչը կիրականացվի շատ մոտ ապագայում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։