Բաքուն դժգոհություն է հայտնել Մոսկվային. «Արևելյան Հայաստան» արտահայտությունը բարկացրել է

Ադրբեջանի ԱԳՆ–ն իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին «խեղաթյուրված» տեղեկատվության առնչությամբ։

Պայմանագրի ստորագրման 194-րդ տարեդարձին ընդառաջ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական էջերում հրապարակում է տեղադրվել։

Ադրբեջանական կողմին կարող էր զայրացնել այն, որ շուրջ 200 տարի առաջ ստորագրած փաստաթուղթը կնքվել է նույն օրը, ինչ ռուս–ադրբեջանական հռչակագիրը։ Բայց` ոչ, խոսքը մասնավորապես Արևելյան Հայաստան արտահայտության մասին է։

«Ռուսական կայսրությանն անցան Էրիվանի ու Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվել էր չխոչընդոտել Հայկական մարզ հայերի տեղափոխմանը...», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանցիներին զայրացրել էր փակագծերում Արևելյան Հայաստանի հիշատակումը։ Բաքվում հայտարարել են, որ «խեղաթյուրված տեղեկատվության ուղղում» են ակնկալում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։