ՄԻՊ գրասենյակը Թաթոյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է դիմումների շեշտակի աճ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ աճել են ՄԻՊ գրասենյակին դիմող քաղաքացիների բողոքներն ու դիմումները։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման տարիները։

Համեմատության համար նա նշեց, որ 2015-թվականին գրասենյակը ստացել է 5214 դիմում-բողոք, 2016-ին՝ 5113, իսկ ահա 2020-ին՝ 14780, 2021-ին արդեն՝ 21 118: ՄԻՊ գրասենյակի «թեժ գծի» զանգերի թիվը նույնպես կտրուկ աճել է, 2015-ին՝ այն եղել է 2086, 2016 թվականին՝ 1876, 2020 թվականին՝ 11735 զանգ, իսկ արդեն 2021 թվականին՝ 14124 զանգ։

«Այս ընթացքում 5 անգամ աճել է ՄԻՊ գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվը , իսկ 11 անգամ աճել են տարբեր հաստատություններ այցերի թիվը»,- ասաց նա։

Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ «թեժ գիծն» էականորեն բարելավել ու զարգացել է։ Այս ծառայությունն այսօր միաժամանակ՝ շուրջօրյա սկզբունքով սպասարկում է 3 զանգ։ Այն պարագայում, որ աշխատակիցների աշխատավարձը մնացել է նույնը։ Մարդիկ կարողանում են դիմել նաև Viber և WhatsApp հավելվածներով։

Նշենք, որ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016 թվականի փետրվարի 23-ին։ Օրենքով վեց տարի անց՝ 2022 թվականի նույն օրը, լրանում է նրա լիազորությունների ժամկետը։

«Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում արդեն ընտրել է Քրիստինե Գրիգորյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։