«Ժողովուրդ»․ ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ԿԿԱՍԵՑՎԻ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը կկասեցնի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։

Թերթի տեղեկություններով՝ 1,5 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, թե Ադրբեջանի կողմից ով է իմացել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը կամ վերոնշյալ մեքենայում լինելու հանգամանքը և նախապատրաստել նրա սպանություն: Ասել է թե՝ քրեական գործով այդպես էլ մեղադրյալ չի հայտնվել:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր և հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից:

Այնուհետև Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)։ Քրեական գործով հարցաքննվել էր Ջալալ Հարությունյանը:

Sputnik Արմենիա