ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԶԱՐԳԱՑՆԵՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մոսկվան և Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ այլ երկրների դեմ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում, որը երեքշաբթի Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրեցին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն են զարգացնում, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասվում է փաստաթղթում։
Կողմերը պայմանավորվել են նաև անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն տրամադրել։ «Անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- ասված է հռչակագրի տեքստում։
Ռուսաստանը և Ադրբեջանը մտադիր են միավորել ուժերը միջազգային ահաբեկչության, կիբերհանցագործության և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաև անվտանգության այլ նոր մարտահրավերների դեմ պայքարում»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ «այդ համատեքստում կողմերը տեղեկատվություն են փոխանակում և սերտորեն համագործակցում են այդ անօրինական գործողությունների ֆինանսավորման ուղիների բացահայտման և կասեցման ուղղությամբ»։
Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Բաքուն կկանխեն անհատների և կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է երկու երկրների տարածքային ամբողջականության դեմ։ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն կանխում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անհատների գործունեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է փաստաթղթում։
Միջուկային էներգետիկա
Ռուսաստանն ու Ադրբեջանը կդիտարկեն խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, ասվում է հռչակագրում։ «Կողմերը կդիտարկեն փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Մոսկվան և Բաքուն, սերտորեն համագործակցելով միջազգային էներգետիկ համագործակցության խթանման և գլոբալ էներգետիկ անվտանգության հավասար և փոխշահավետ հիմունքներով ամրապնդման համար, մտադիր են խորացնել համագործակցությունը վառելիքաէներգետիկ ոլորտում, այդ թվում՝ նավթագազային հանքավայրերի որոնման և մշակման, էներգետիկ ռեսուրսների փոխադրման ոլորտում, այդ թվում՝ արդյունավետ ենթակառուցվածքային նախագծերի ներգրավումը, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրների ոլորտներում:
Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններ
Մոսկվան և Բաքուն կանեն հնարավոր ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար, ասվում է հռչակագրում։
«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել ԱՀ Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների դրույթների իրականացմանն ուղղված ջանքերին, որոնք հիմք հանդիսացան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասվում է փաստաթղթում։
Անվտանգության սպառնալիք
Մոսկվան և Բաքուն պատրաստ են հրատապ խորհրդակցություններ անցկացնել, եթե ինչ-որ բան սպառնա կողմերից մեկի անվտանգության շահերին։ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խախտել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաև՝ դրա կարգավորման նպատակով նման իրավիճակի սպառնալիքի դեպքում»,- ասված է հռչակագրում։
Կողմերը, ընդգծվում է փաստաթղթում, ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, երկրներից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք «արտաքին գործերի նախարարությունների միջոցով խորհրդակցությունների մշտական մեխանիզմ են ստեղծում»։
Հռչակագրում նշվում է նաև, որ կողմերը «համագործակցում են արտաքին քաղաքական գործունեության ոլորտում՝ Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջաններում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով»։
Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ ղեկավարը, փաստաթուղթը նվիրված է երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձության՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Պուտինը հռչակագրի ստորագրումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման նոր փուլ է անվանել:
Տնտեսություն
Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ցանկացած տնտեսական գործունեությունից, որն ուղղակի կամ անուղղակի կերպով վնաս է հասցնում երկրներից մեկին։ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը զերծ կմնան ցանկացած տնտեսական գործունեության իրականացումից, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կվնասի մյուս կողմի շահերին»,- ասվում է փաստաթղթում։ Ընդհանուր առմամբ, ըստ հռչակագրի, կողմերը կշարունակեն համակողմանի աջակցություն ցուցաբերել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, «որը կարևոր է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների կայուն աճի ապահովման համար»։
Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են նաև համագործակցել տնտեսական բարեփոխումների իրականացման գործում և խորացնել փոխգործակցությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար՝ ստանձնած բոլոր պարտավորությունների համաձայն:
«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը մտադիր են որակապես նոր մակարդակի հասցնել արդյունաբերական և գիտական համագործակցությունը, ուղիղ կապերը սեփականության բոլոր ձևերի տնտեսվարող սուբյեկտների միջև»,- ասվում է հռչակագրում: Փաստաթղթի համաձայն՝ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը մետալուրգիայի, ճարտարագիտության, ավիացիայի, ավտոմոբիլային, քիմիական, դեղագործության, ինչպես նաև թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինարարական արդյունաբերության ոլորտներում։
Համագործակցություն ֆինանսական ոլորտում
Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանն «իրենց պատրաստակամությունն են հայտնում ազգային օրենսդրության և դրամավարկային քաղաքականության շրջանակներում խթանել վարկային և բանկային կազմակերպությունների գործունեությունը, ֆինանսական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, այդ թվում՝ ֆինանսական և արդյունաբերական խմբերի, արտադրությունների և այլ կազմակերպչական և տնտեսական կառույցների»,- հետևում է փաստաթղթից։
Կողմերը պայմանավորվել են նաև նպաստել փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը և վճարային համակարգերի ինտեգրմանը, այդ թվում՝ բանկային քարտերի համատեղ սպասարկմանը։