ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԸ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 87 ընտանիք, որից 15-ը Արցախից տեղահանված ընտանիքներ են: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները այցելել են Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղ՝ Արցախից տեղահանված Հարությունյանների նորակառույց տուն:

Երեք տասնամյակ առաջ Հարությունյաններն այս գյուղում փորձել են կառուցել իրենց երազանքների տունը, սակայն ֆինանսական անբավարար միջոցներն ու հանգամանքները փոխել են ընտանիքի ծրագրերը: Մի քանի տարի տևած շինարարությունը կիսատ թողնելով՝ Մկրտիչն իր ընտանիքով մշտական բնակության է տեղափոխվել Արցախի Քաշաթաղի շրջան: Կյանքը բարեհաճ չի եղել նաև այդտեղ: Երբ սկսվել է պատերազմը, Մկրտիչը որդիների հետ մեկնել է առաջնագիծ, իսկ կանայք և երեխաները տեղափոխվել են անվտանգ վայր՝ Աղնջաձոր գյուղում գտնվող հին կիսակառույց:

Պատերազմի ավարտից հետո, Հարությունյանների որդիներից ավագն իր ընտանիքով մնացել է Արցախում, մյուսները վերադարձել են Վայոց Ձոր և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, շարունակել տարիների կիսատ գործը՝ կիսակառույցի շինարարությունը:

«Մեր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծածը պատերազմի պատճառով կորցրեցինք ու «կոտրած տաշտակին» վերադարձանք: Առանց օգնության շինարարությունն ավարտել ու նորմալ պայմաններում ապրել չէինք կարողանա: Չգիտեմ՝ հաջողություն ասեմ, թե ինչ, որ կարողացանք ստանալ ձեր աջակցությունը: Այսօր այտեղ ապրում ենք ութ հոգով, կարելի է ասել՝ երեք ընտանիքով. ես ու կինս, որդուս ընտանիքը, դստերս ընտանիքը: Հիմա, կարծես թե, պատրաստ ենք նոր սկզբին: Մեր երախտագիտությունն անսահման է», -ասել է ընտանիքի հայրը՝ Մկրտիչը:

«Այս ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում հանդիպել ենք տարբեր ընտանիքների, որոնց անցած կյանքի ճանապարհը լի է եղել փորձություններով: Եկել եմ այն համոզման, որ եթե մարդիկ առաջնորդվեն միայն իրատեսությամբ՝ շատ խնդիրներ հնարավոր չի լինի հաղթահարել: Եթե մարդիկ չիմանան, որ գիշերվան հաջորդելու է լուսաբացը՝ ամեն ինչ տխուր կլինի: Լավատեսությունը շատ կարևոր է: Դա նպաստում է նրան, որ մարդու կամքն ամրանա: Ուրախ եմ տեսնել, որ բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծանր փորձություն է բաժին ընկել այս ընտանիքներին. կորցնել ամեն ինչ, ամեն բան սկսել նույն՝ 25 տարի առաջ թողած կետից հեշտ չէ, սակայն ուրախալի է տեսնել, որ այս ընտանիքների մեջ չի պակասում ավյունը, և հիասթափությունը թևաթափ չի անում այս մարդկանց: Մեզ մնում է իրենց կողքին լինել և մեր հնարավորությունների սահմանում օգնել՝ ոտքի կանգնել»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են արձանագրում հանրապետության տարբեր մարզերում: Տարիների գործընկերները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Галерея (5 фото)

Основная тема:
Теги: