Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՆՔ. ՄԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՏԱՐԵԼ, ՔԱՆ ՆԱԽԱՊԵՍ ՈՐՈՇՎԱԾ Է ԵՂԵԼ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Մեր տարածաշրջանում շահ ունեցող բոլոր երկրները հետզհետե ստանում են Արցախյան պատերազմի արդյունքով Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի իրենց բաժին դիվիդենտները։ Մեկը հողեր է ստացել, մյուսը՝ ճանապարհներ, երրորդը՝ աշխարհաքաղաքական ներկայություն, չորրորդը՝ մեծ ազդեցություն… Ու միայն մենք ենք նորից կոտրած տաշտակի առաջ կանգնել։
Ու սա 1920թ. դասերի չսերտման հետևանքն է։
Ես, իհարկե, հասկանում եմ, թե ով ինչ է ուզում մեր տարածաշրջանում և ինչու մենք այս օրն ընկանք։ Չի կարող մտածող մարդը չտեսնել այս՝ չափազանց պարզ պատկերը։
Բայց կարևոր մի հանգամանք կա, որի մասին մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք. մեզանից ավելի շատ են տարել, քան նախապես որոշված է եղել։ Ու կապ չունի, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի խոտ որոճացող իշխանություններն են։ Գողացողներն էլ պակաս մեղավոր չեն։ Ու գողացողներին էլ է պետք դրա մասին հիշեցնել։
Ասել եմ և նորից կրկնում եմ՝ Շուշին ու Հադրութը պետք է հետ ստանալ։ Ու նաև Քարվաճառը՝ որպես՝ առանց այն էլ հանցավոր որոշումների սահմանները հատելու պատիժ։ Ասածս շատ լուրջ է։ Սա պետք է լինի մեր հաջորդ իշխանությունների օրակարգի թիվ մեկ խնդիրը»։