Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Նիկոլին ներկայացնում եմ քաղաքական դավաճանության երկու մեղադրանք՝ ինչու՞ չճանաչեց Արցախի անկախությունը, ինչու՞ չխոցվեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը: Այս թեմային է անդրադարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։

«Ինչու՞ Արցախն առ այսօր ճանաչված չէ. կորսված հնարավորություն և ապագայի քայլեր։

Արցախյան զինադադարից հետո (94 թվականի), ստեղծված իրավիճակում, երբ կար բանակցային ֆորմատ, Արցախի Հանրապետության ճանաչումը կդիտարկվեր որպես բանակցությունների վիժեցմանն ուղղված քայլ:

Եթե նախկին նախագահների ժամանակ Հայաստանը միակողմանի ճանաչեր Արցախի Հանրապետությունը, դա նշանակելու էր դիվանագիտական բոլոր հնարավորությունների չեղարկում, կլիներ պատերազմ ու մեղավոր կլիներ Հայաստանը: Այդ դեպքում ակնկալել միջազգային հանրության աջակցությունը, պարզապես տգիտություն է:

Համաշխարհային պետությունները ճանաչում են այս կամ այն տարածքը ռազմական գործողությունների առիթով կամ դրանց նախաշեմին:

Անգամ Ռուսաստանի նման գերտերությունը, մինչ պատերազմական իրավիճակ, չի ճանաչել իրեն հարող ինքնահռչակ միավորների անկախությունը, ինչպես օրինակ Լուգանսկի և Դոնեցկի դեպքում:

2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը հրավիրեց ԵԱՀԿ անդամ պետությունների բոլոր դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը:

Դիվանագիտական այս քայլին գումարվեց մեր բանակի հզոր պայքարն ու հաջորդ օրն իսկ պատերազմը կանգնեց:

Արցախի անկախությունը պետք էր ճանաչել 44-օրյա պատերազմի ընթացքում:

Հայաստանը կորցրել է առնվազն 2 հնարավորություն պատերազմի ընթացքում ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Առաջինը ռուսական զինադադարն էր՝ հոկտեմբերի 10-ին, 2-րդը՝ ֆրանսիական զինադադարը՝ 17-ին: Երկու դեպքում էլ կողմերը ընդունեցին կրակը դադարեցնելու պայմանը, բայց Ադրբեջանը կրկին անգամ խախտեց այն, հենց հաջորդ օրն իսկ Նիկոլը պետք է հայտներ Արցախի անկախությունը ճանաչելու իր մտադրության մասին:

Նիկոլին ներկայացնում եմ քաղաքական դավաճանության երկու մեղադրանք՝

• ինչու ՞ չճանաչեց Արցախի անկախությունը,

• ինչու ՞ չխոցվեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը:

Ճանաչումը կտար հնարավորություն Արցախի սուբյեկտայնության բարձրացման, Հարավային Կովկասում «դե ֆակտո» նոր աշխարհաքաղաքական իրավիճակի: Մինչդեռ ներկայիս իշխանությունը առաջ է տանում ադրբեջանաթուրքական թեզերը:

Այս իրավիճակում, այս իշխանության օրոք խոսել Արցախի Հանրապետության ճանաչման մասին՝ անիրատեսական է:

 Եթե չես կարողանում գնահատել անցյալդ, սեփական սխալներն ու բացթողումները, ապագայի մասին խոսել հնարավոր չէ»,-նշել է Աշոտյանը:

Փաստինֆո