Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն:

Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա: