Քաղաքագետ. ԲԱՔՎԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ PR ԱԿՑԻԱ Է
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը հին ձևաչափ է: Տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները որևէ փաստաթղթերի ստորագրման հետ կապված չեն։ News.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կապված են 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքների հետ։
«Եվ դրանից հետո եկող ամեն ինչ, այդ թվում՝ այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը, ռուս-ադրբեջանական հռչակագիրը, մեկ իրադարձության արդյունք է: Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված հռչակագիրը յուրատեսակ PR ակցիա է, որն ավելի շատ պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քան Վլադիմիր Պուտինին։ Այն միայն ամրագրում է, որ Ռուսաստանին դաշնակցային հարաբերություններ են անհրաժեշտ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ։ Սա հին ֆորմատ է»,- պարզաբանեց քաղաքագետը։
Ռուսաստանը, փորձագետի կարծիքով, միայն փորձում է ազդել իր հարևան երկրների վրա։ Նրա համար դա մերձավոր արտասահման է։ Խոսքը, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ երկրների մասին է, թեև՝ առանց Բալթյան երկրների, Ուկրաինայի և Վրաստանի։
«Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, երբեմն նույնիսկ բոլորովին տարբեր պատճառներով, որոշակի արժեք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Ըստ այդմ, նա ժամանակ առ ժամանակ հաստատում է այդ կարևորությունը»,- ասաց Իսկանդարյանը։