Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ

Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է պոտենցիալ պատերազմի առջև։ Դրանից խուսափելու համար շատ երկրներ փորձում են քննարկում սկսել Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության նոր կարգի շուրջ։ Դա վերաբերելու է նաև Հայաստանին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է պոտենցիալ պատերազմի առջև: Դրանից խուսափելու համար շատ երկրներ փորձում են քննարկում սկսել Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության նոր կարգի շուրջ։ Դա վերաբերելու է նաև Հայաստանին։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք առաջիկա քննարկմանը։ Հայաստանի և Արցախի համար Շուշիի հռչակագրի բացառապես բացասական նշանակությունից բացի, պետք է ուշադրություն դարձնել նրան, որ այն նաև կանխորոշում է թյուրքական պետությունների՝ մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր կարգ կառուցելու ձգտումը։ Հռչակագիրը ստորագրած պետությունները մտնում են Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության նոր կարգի մասին գլոբալ քննարկման մեջ արդեն իրենց պատկերացումներով, թե ինչպիսին այն պետք է լինի Հարավային Կովկասում։ Նրանք իրենց համար ոչ թե կարմիր գծեր, այլ ռազմավարական հեռանկարներ են սահմանել:

Հակահայկական քաղաքականությունից և Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման ձգտումից բացի, հռչակագրում նախանշված էր նաև թյուրքական աշխարհի հետագա համախմբման և դրա ընդլայնման խնդիրը՝ ոչ միայն դեպի արևելք, այլև՝ արևմուտք։ Հռչակագրում նշվում էր, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները կլինեն Թուրքիան և Ադրբեջանը։ Այսինքն՝ Եվրոպայի վերաբերյալ նոր գլոբալ քննարկման մեջ թյուրքական գործոնը կարևոր տարր է դառնում։ Իսկ ինչո՞վ ենք մենք մտնում այդ քննարկման մեջ։

Նախ՝ արդյո՞ք մենք հասկանում ենք, որ Շուշիի հռչակագիրը կանխորոշում է հայկական անկախ պետության գոյության հիմնական սպառնալիքը՝ թյուրքական աշխարհի՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերանայելու և հայկական հարցն ամբողջությամբ չեզոքացնելու ձգտման տեսքով։ Նման երկարաժամկետ ռազմավարության հիմքում տարածաշրջանում հայերի բնակության պատմական տարածքը հետևողականորեն նեղացնելու և նրանց թիվը կրճատելու խնդիրն է։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ թյուրքական համախմբման երկարաժամկետ խնդիրները Սյունիքի բռնակցումը և Ադրբեջանի տարբեր հատվածների ֆիզիկական միավորումն է, ինչպես նաև՝ Արցախի հայաթափումը (Նախիջևանի օրինակով) և Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիության ուժեղացումը և դրա ավելի մեծ կախվածությունն արտաքին գործոններից: Ազդեցության որոշ կենտրոններ կխրախուսեն այդ պլանները, ազդեցության որոշ կենտրոններ կխոչընդոտեն։ Բայց նրանց միջև գլոբալ փոխզիջման արդյունքը կարող է Հայաստանի պետական ​​ինքնիշխանությունը դառնալ:

Երկրորդ՝ Շուշիի հռչակագիրը պետք է մեզ բերի այն ըմբռնմանը, որ սեփական ուժերով և ռեսուրսներով սեփական երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և պետական ​​սահմանները պաշտպանելու անհնարինությունը նշանակում է խոցելի պետություն լինել, ուղղակիորեն կախված լինել արտաքին, թող և բարեկամական գործընկերներից։ Մենք պետք է նա գիտակցենք և, հետևաբար, գնահատենք այն իրավիճակի ռիսկերը, որի դեպքում շատերը կձգտեն.

. Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը և նրա ամբողջական դուրս մղմանը,

. Իրանի վրա ազդեցության նոր լծակների ստեղծմանը և նրա տարածաշրջանային հավակնությունների սահմանափակմանը,

. Թուրքիայի վեհացմանը՝ որպես մահմեդական աշխարհի անվիճելի առաջնորդ, և նրա կողմից վերահսկողությանը հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների և բնական ռեսուրսների բաշխման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև նրա ազդեցության տարածմանը Ռուսաստանի և Չինաստանի որոշ տարածքներում։

Եվ երրորդը, Շուշիի հռչակագիրը միտված է ողջ հայկական աշխարհի պառակտմանը։ Ուստի մեզ համար կարևոր է ելնել նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պետություն լինել միայն այն հայերի համար, ովքեր մշտապես ապրում են այնտեղ։ Հայաստանը համայն հայության պետությունն է, և այն կպաշտպանի ողջ աշխարհի բոլոր հայերի շահերը։ Իսկ աշխարհասփյուռ հայությունը պետք է պաշտպանի և առաջ մղի իր ազգային պետության շահերը։ Ընդ որում, սահամնել, որ պատմականորեն կա մի քանի ազգային առաջնահերթություն.

- Անկախ ազգային պետության ամրապնդում ու հզորացում

- Արցախի հարցի արդարացի և վերջնական լուծում

- Ձգտում 1915 թվականի Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը և դատապարտմանն աշխարհում

- Հայ ազգային ինքնության պահպանում ու զարգացում ամբողջ աշխարհում, պայքար ձուլման դեմ:

Մենք պետք է ընդունենք «Հայկական մանիֆեստը», որը պետք է ցույց տա, որ, չնայած բոլոր դժվարություններին, սպառնալիքներին ու մարտահրավերներին, 21-րդ դարը հայկական դար է»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

News.am