ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԽՈՐՏԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ

Ո՞ւմն է պատերազմի կորուստների ցավը՝ իշխանությա՞նը, ընդդիմությա՞նը, ազգային վերնախավերի՞նը, թե՞ համայն ժողովրդինը։ Միգուցե ոչ մեկի՞նը։ Եթե կորստի հավաքական ցավ ունենայինք, դժվար թե նման ծանր պարտությունից հետո այսքան անընդունելի ազգային անհաղորդություն դրսևորեինք և անտեսեինք շարունակական զգուշացումներն ու սպառնալիքները։ Կորուստը գիտակցող ժողովուրդը չէր գնա դրա մեղավորի հետևից, այլևս չէր հավատա նրա ստերին, ի վերջո կկողմնորոշվեր՝ ավելի շատ ատում է որևէ նախկին իշխանությա՞ն, թե՞ սիրում է պետությունն ու հայրենիքը։

Փաստն այն է, որ ընդդիմության թեթԵՎ ձեռամբ քաղաքականացվել է այն գործընթացը, որը պետք է լիներ բացառապես քրեաիրավական, և ցավոք՝ մոռացվել է նույնիսկ պարտության դեմ ներքին ընդվզումը, ցավի մշտական զգացողությունը, այն վերածվել է համակերպման։ Մինչդեռ չի կարող որևէ քաղաքական գործընթաց լինել մի երկրում, որտեղ պատերազմից մոտ մեկուկես տարի անց անհետ կորածների հարազատները դեռևս իրենց որդիների աճյուններն են որոնում, իսկ դիահերձարաններում պարկերով պահվող չնույնականացված մասունքներ կան։ Չի կարող, տրամաբանությունից դուրս է նույն այդ իրականությունում Աննա Հակոբյանի կամ նրա դուստրերի՝ էլիտար ռեստորաններում ոճափոխված կերպարով գինարբուքներից լուսանկարներ տեսնելը։

Ընդդիմության համաձայնած արտահերթ ընտրությունները, խոշոր հաշվով, միջազգային հանրության համար լուծել են կարևորագույն խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանն իր օտարերկրյա տերերի առաջ «ժողովրդի ամենազոր կամքով» լեգիտիմացրել է Արցախի օտարումը, Շուշվա միջնաբերդի բանալին թշնամուն նվիրելն ու ազգային երազանքները խորտակելը։ Այս գործում նա ակամա հանցակիցների պակաս չունի՝ ՔՊ-ի հարյուր հազարավոր ընտրողները վկա։ Եվ զարմանալի չէ, որ պարտությունը ընտրողների գերակշիռ մեծամասնությամբ, սակայն խոշոր կեղծիքներով և վարչական ռեսուրսի չարաշահմամբ փաթեթավորած վարչապետը դարձել է Թուրքիայում և Ադրբեջանում ամենաընդունված և հարգարժան հայ գործիչը, անգամ թյուրքական ֆոլկլորի ամենապահանջված հերոսը։

Փաշինյանի պաշտոնավարման շարունակականության ֆենոմենը կենցաղային զրույցների մակարդակում ընդունված է պայմանավորել այն «նախկինների վերադարձին» հակադրելով։ Այդ անհեթեթ թեզը պնդողներից որևէ մեկը չի էլ հիշում, որ չորս տարի առաջ Հանրապետության հրապարակում վարչապետ էր կարգում՝ նույնիսկ չենթադրելով, որ պիտի նրան «մերժվողների» հետ համեմատության մեջ դնի ու ինքն իրեն փորձի համոզել, որ իր ընտրությունը ևս վատը չէ։ «Նախկիններն» առնվազն հուսալի արտաքին անվտանգություն էին ապահովում, թշնամին մեր տանը, մեր դռանը չոքած չէր, հաղթանակի շունչը թևածում էր բանակում։ Այսօր արդեն պարզ է, թե որքան դժվար է եղել Հայաստանի որևէ իշխանության համար աշխարհի հետ երկխոսելը, պատերազմ կանգնեցնելը կամ այն կանխելը, հաղթական ոգին բորբոքելը։ Այսօր այս ամենը վերհուշ է դարձել, ցավոք՝ մարում է անգամ նախապատերազմյան Հայաստանի կենդանի հիշողությունը, և այս գահավեժ ընթացքը կասեցնող չկա։

Առաջին արցախյան պատերազմի խորհրդանիշների կողքին՝ 44-օրյան թերևս կհիշվի էժանագին քարոզչության հնարքներով՝ «Էրատո» կանանց ջոկատով կամ Աշոտ Փաշինյանի մտացածին սխրանքներով։ Եվ սա խայտառակ վիրավորական վարմունք է տասնյակ հազարավոր կենդանի ու զոհված իրական հերոսների ու նրանց ընտանիքների նկատմամբ, որոնց անուններն անգամ հրապարակված չեն։ Եթե չբացվեն այս պատերազմի դավադիր հանգույցները, ամենաբարձր մակարդակում իրականացված ստվերային պայմանավորվածությունները, կասկածելի դրվագներն ու դավաճանությունները, իր բնօրրանում հայ ժողովրդի անվտանգ գոյության իրավունքը կարելի է ավարտված համարել։