Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ և ՀՀ-Ի ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ
ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, և սա առաջին հերթին վերաբերվում է հատկապես ներքին ու արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձությունների զարգացմանը։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ` միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել։ Սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը»,–գրել է Աբրահամյանը։
Նրա խոսքով` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում, և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան փոքր մասշտաբի սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ չեն բացառվում։
Աբրահամյանը հավելում է, որ այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ. կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։
Ի դեպ, ըստ պատգամավորի, այս վտանգը կա նաև այն տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն ակտիվ ազդեցության պայքարի մեջ է Թուրքիայի կամ այլ դերակատարների հետ։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։