Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՀ ՀԱՄԱՐ ԶՈՐՔ ՉԻ ԳԱ «ՅՈԹ ՍԱՐԵՐԻ ՈՒ ԾՈՎԵՐԻ» ՀԵՌՎԻՑ

Ժամանակակից քաղաքական գործընթացներում հնարավոր չէ անտեսել աշխարհագրության գործոնը և դրանով թելադրված իրականությունը: Աշխարհագրական, ասել է թե՝ տարածական գործոնն առաջնային է հատկապես Եվրասիայում, որի մասն ենք մենք: Աշխարհագրության անտեսման բոլոր փորձերն ավարտվել են անտեսողի համար ոչ միայն անհաջողությամբ, այլ ամբողջական տապալմամբ: Ապացույցները փնտրեք Իրաքում, Վրաստանում, Սիրիայում: Այսօր` նաև Ուկրաինայում: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Մեծ քաղաքականություն են վերադառնում «ազդեցության գոտիներ» երևույթը, երբ մեծ տերությունները անպայմանորեն ունեն և անդադար ստեղծում/զարգացնում են իրենց ազդեցության գոտիները` իրենց սահմաններից անդին: Դրանց սահմանները թեև ավելի հեղհեղուկ են, սակայն ոչ պակաս պաշտպանվող:

Հայաստանի տարածքի վրա հատվում են առնվազն երեք նմանատիպ գոտիներ (ինչպես վերջին 5 դարերի ընթացքում): Սխալ գոտու ընտրությունը հղի է վերջնական կործանմամբ, քանի որ այդ գոտիներից մեկը տրամադրված է լիարժեք վերացնել հայկական պետությունը:

Ուկրաինայում տեղի ունեցողը պետք է վերջնականապես ջախջախի այն հիվանդագին մտայնությունները, թե Հայաստանի համար Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ զորք է գալու «յոթ սարերի ու ծովերի» հեռվից: Սա անհեթեթություն է, որն արժենում է կյանքեր ու պետականություն: Պետք է սթափ գնահատել իրավիճակը` առաջին հերթին հաշվի առնելով վերևում նշված աշխարհագրական գործոնը:

Հայաստան պետություն կլինի, եթե ունենանք սեփական զինված ուժերն ու անմիջական հարևանությամբ գտնվող դաշնակիցների հետ կառուցենք անվտանգային նոր ճարտարապետություն»,- գրել է թուրքագետը:

Verelq.am