Մարդկանց 25-30 տոկոսը չի դիմում բժշկական հետազոտության, որովհետև փող չունի

Հայաստանում այսօր ազդարարվեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության սկիզբը։ Կազմակերպության քաղաքականությունը լինելու է մարդակենտրոն։

Կազմակերպության հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, թե իրենց նպատակն է աջակցել քաղաքացիներին իրագործել իրենց առողջ լինելու իրավունքը։

«Մի շարք խնդիրներ ունենք լուծելու, այսօր գիտենք, որ բնակչության մեծ մասը դժգոհ է բուժօգնության ու սպասարկման հասանելիությունից ու որակից, մեր բժիշկները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձից, ելնելով դրանից՝ որոշեցինք ստեղծել մի կազմակերպություն, որն ապաքաղաքական է ու միտված է միայն օգնելու մեր ժողովրդին, որ կարողանան լինել առողջ, իսկ առողջությունը միակ արժեքն է, որը գնել չի լինում», - ասաց Խաչատրյանը։

Կազմակերպության համանախագահներից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Անուշ Պողոսյանն էլ ասաց, որ ՀԿ-ն համագործակցելու է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, միջազգային կառույցների հետ։

«Գաղափարը քննարկվել ու մեծ արձագանք է ստացել նաև Սփյուռքի կողմից։ Մենք պատրաստ ենք քննարկելու շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները», - նշեց նա։

Անուշ Պողոսյանը այս հարցում կարևորում է լրագրողների դերը. նրանց օգնությունը պետք է, որ վերհանվեն պրոբլեմները և աշխատանքի փորձն ու պրոֆեսիոնալիզմը կկիրառվի ի շահ Հայաստանի բնակչության։

Կազմակերպության համանախագաներից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանն էլ ասաց, որ իրենց համար թիվ մեկ թիրախը լինելու է քաղաքացու առողջ լինելու իրավունքի պաշտպանությունը։

«Ես խոստանում եմ, որ բոլոր դեպքերին արձագանք ենք տալու։ Պետք է լսել բոլոր կողմերին, չպետք է սխալվել», - նշեց նա։

Վարդանյանի խոսքով՝ մարդկանց մոտ 25-30 տոկոսն այսօր չի դիմում բժշկական հետազոտության, որովհետև փող չունի։

«Ֆինանսական հասանելիությունը համար առաջինն է, ծառայությունների համապարփակ ծավալ պետք ապահովել», - նշեց նա, տեղեկացնում է Aysor.am։