Պուտինը՝ Ուկրաինայում հատուկ օպերացիայի մասին. Տեղի ունեցողը հարկադրական միջոց է

Գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված էր հարկադրական միջոցներ ձեռնարկել, քանի որ այլ միջոցներով հնարավոր չէր արձագանքել իրավիճակին Դոնբասում, գրում է Vesti.Ru-ն։

Խոսքը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական օպերացիայի մասին է։

«Այն, ինչ տեղի է ունենում, հարկադրական միջոց է։ Մեզ այլ կերպ վարվելու հնարավորություն չթողեցին։ Անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր ստեղծեցին, որ հնարավոր չէր այլ միջոցներով արձագանքել»,- ասել է պետության ղեկավարը։ Նրա հանդիպումը ռուսական խոշորագույն ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հեռարձակվում է «Ռոսիա 24» հեռուստաալիքով և «Սմոտրիմ» մեդիա հարթակով։

«Սա հարկադրական միջոց է, քանի որ նրանք կարող էին այնպիսի ռիսկեր ստեղծել մեզ համար, որ պարզ չէ, թե մեր երկիրն ինչպես կգոյատևեր»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է համաշխարհային տնտեսության մաս մնալ:

«Ռուսաստանը շարունակում է համաշխարհային տնտեսության մաս մնալ, և այս կապակցությամբ այնքանով, որքանով այն շարունակում է մաս մնալ, մենք չենք պատրաստվում վնաս հասցնել այն համակարգին, որում մենք ինքներս մեզ մի մաս ենք զգում,- ասել է ՌԴ նախագահը:- Մենք չենք պատրաստվում վնասել համաշխարհային տնտեսական համակարգին, որում ինքներս ենք գտնվում»,- հավելել է նա։

Նա շեշտել է, որ ՌԴ իշխանությունները պատժամիջոցային քաղաքականության մասով պատրաստվում էին տեղի ունեցողին։ «Իհարկե, մենք բոլորս, և դուք նույնպես, հասկանում ենք, թե ինչ աշխարհում ենք ապրում, և այսպես թե այնպես պատրաստվել ենք նրան, ինչ հիմա կատարվում է սահմանափակումների և պատժամիջոցների քաղաքականության առումով»,- ասել է նա: Պուտինն ընդգծել է, որ Արևմուտքում Ռուսաստանի գործընկերները «պետք է հասկանան և իրենց առջև խնդիր չդնեն՝ մեզ դուրս մղել այս համակարգից»։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ղեկավարը վստահ է, որ «այդ սահմանափակումները կլինեն», տեղեկացնում է News.am։