«Ժողովուրդ». ԴԵՊԻ ՌԴ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Արդյունքում հայաստանցի գործարարները, որոնք արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում:

Մասնագետների կանխատեսմամբ՝ վերջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով արտահանման ծավալները կարող են էականորեն նվազել: Բնականաբար, արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս և բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, որոնք որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ: Հայաստանի այն տնտեսվարողները, հատկապես այս շրջանում գյուղմթերք արտահանողները, որոնք ինչ-որ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունեին ռուսական շուկայում իրենց ապրանքների իրացման հետ կապված, հիմա հայտնվել են բարդ իրավիճակում: Մյուս կողմից՝ եթե այսպես շարունակվի, ապա դա նշանակում է նաև, որ մեծ ազդեցություն կունենա դեպի Հայաստան փոխանցվող գումարների վրա: Բացի այս, մասնագետների խոսքերով՝ ինչքան որ ռուբլու փոխարժեքն է ընկած, այդքան էլ մարդկանց գնողունակությունն է ընկել: Այնպես որ, լավ բաներ չեն սպասվում»։

Aysor.am