Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆԸ՝ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ․ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻՐ «ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ» ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ՄԻ ՆՍԵՄԱՑՐՈՒ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը նշում է՝ դատավորները պետք է հասկանան, որ դատական համակարգում առկա խնդիրները վերաբերում են բոլորին անխտիր։
Դատավոր Նախշքարյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով պատասխանել հարցին. «Կոռումպացված դատավորներից մեկը ե՞ս եմ»։
«Ես դեմ եմ, որ դատական իշխանությանը նման ոճով ու նման ճանապարհով փորձեն հեղինակազրկել։ Եթե դու չունես տվյալներ, եթե դու չունես անուններ, եթե դու չունես կոռուպցիայի դեպքեր, ի՞նչն է պատճառը, որ դու քո խոսքը ընդհանրական դատական իշխանությանն ես հասցեագրում. կամ բարի եղիր հրապարակիր բոլորի անուն-ազգանունները, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը», - ասաց դատավորը:
Հիշեցնենք՝ «Ազատության» եթերում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, թե Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա։
«Ինչ-որ կլանային զգացողություններ կան։ Օրինակ, 93 դատավոր ստորագրում է ինչ-որ հայտարարության տակ։ Ես հո չեմ ասում՝ 93-ն էլ կոռումպացված է, բայց տեսնում ենք, որ էնտեղ մի 10, 20, 30 անուն կրկնվում է, հետո լինում է մի ուրիշ ակցիա, որտեղ տեսնում ենք, որ 4, 5-ն էն 30-ից հայտնվել են», - ասել էր նախարարը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով. ժողովը, սակայն, չի կայացել. քվորում չի եղել, ներկա էր 89 դատավոր:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։
Օրակարգում քննարկման առարկա պետք է դարձվեր դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։