Հանդիպել են Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն ու ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հայտնում է «Ինտեֆաքս»-ը։

«Մինչ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ մեր հիմնական օրակարգին ու աշխատանքին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ղազախստանում սրված իրադրության ժամանակ ցուցաբերած օպերատիվ և շատ կարևոր աշխատանքի համար»,- ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանը այդ ժամանակ «ոչ հեշտ, բայց շատ օպերատիվ, կարևոր ու անհրաժեշտ որոշումներ է ընդունել, որոնք արդյունավետորեն օգնել են Ղազախստանի գործընկերներին՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում»։

Հանդիպման շրջանակներում Սերգեյ Շոյգուն նաև ողջունել է Սուրեն Պապիկյանին՝ նշելով, որ սա նրա առաջին այցն է Ռուսաստանի մայրաքաղաք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների համագործակցությունը կշարունակի զարգանալ։

«Կարող եմ հավաստիացնել, որ իմ կողմից կարվի հնարավորը, որպեսզի պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը հետագայում ևս ընդլայնվի»,- ասել է Պապիկյանը։

Նա հավելել է, որ ներկայում «լարվածության նվազում չի նկատվում, ամեն անգամ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են առաջանում»։

«Ակնհայտ է, որ մեր պետությունների առջև ծառացած այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Սուրեն Պապիկյանը նշել է նաև, որ «այդ համատեքստում դաշնակից պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը առանձնակի կարևորություն ունի» , տեղեկացնում է Aysor.am-ը։