ՌԴ ՊՆ․ Ռուսական դեսանտային ուժերը Մելիտոպոլ քաղաք են մտել

Ռուս զինվորականները, չհանդիպելով դիմադրության, Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաք են մուտք գործել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Փետրվարի 25-ի երեկոյան՝ Ազովյան բնակավայրի հատվածում ծովային դեսանտային ուժերի տեղակայումից հետո, ռուսական զորամիավորուները, չհանդիպելով դիմադրության, մուտք են գործել Մելիտոպոլ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Տեղի բնակչությունը, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, ողջունել է ռուս զինվորականներին, որոշ թոշակառուներ կարմիր դրոշներով փողոց են դուրս եկել։

Մելիտոպոլ քաղաքը Զապորոժիայի մարզում է գտնվում՝ Ազովի ծովից 50 կմ հեռավորության վրա։

Ժամեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական զորամիավորումներն արևմուտքից շրջափակել են Կիևը, իսկ մայրաքաղաքի արվարձանում՝ մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմելի միջազգային օդանավակայանում ՌԴ Օդադեսանտային զորքերի լրացուցիչ ուժեր են տեղակայվել՝ միավորվելով երեկ օդանավակայանը վերահսկողության տակ վերցրած դեսանտային ուժերի հետ։ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաև, որ ռուսական զորքերը շրջափակել են նաև Չերնիգով, ավելի ուշ՝ Սում և Կոնոտոպ քաղաքները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ մայրաքաղաքն անցել է պաշտպանության, քանի որ ռուսական որոշ ուժերի հաջողվել է մայրաքաղաք ներթափանցել։ Ռուսական կողմը, միաժամանակ, հաղորդում էր, որ ուկրաինական զինուժը Կիևի, ինչպես նաև երկրի այլ քաղաքների բնակելի թաղամասերում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է տեղակայում։

Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վերջին հաղորդագրության, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների զորամիավորումները, ՌԴ ԶՈւ ավիացիայի և հրթիռային զորքերի աջակցությամբ, ճեղքել են ռազմաճակատը մինչև 25 կմ խորությամբ, տեղեկացնում է News.am։