ՀՀ ԿԲ․ Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում

Հայաստանի բանկերում ռուբլու բոլոր արտարժութային գործարքներն իրականացվում են առանց սահմանափակումների։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

«Ոչ մի սահմանափակում չկա, ՀՀ Կենտրոնական բանկը սատարում է ազատ արտարժույթի շուկայի քաղաքականությանը»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Ադրբեջանի միջազգային բանկ» ԲԲԸ-ն (ABB) սահմանափակել էր ինտերնետ բանկերի միջոցով ռուսական ռուբլու հետ արտարժույթով կանխիկ և անկանխիկ գործարքները: Այս որոշման պատճառն, ըստ այդ երկրի պաշտոնական մեկնաբանության, ռուսական ռուբլու անկայուն փոխարժեքն է։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, ռուսական ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հայաստանյան բանկերում փետրվարի 26-ի համեմատ նվազել է 0,03 դրամով և մնում է միջինը 5,7 դրամի մակարդակում։

Հատկանշական է, որ այսօր առավոտից որոշ բանկերում ռուսական ռուբլու առքի ռեկորդային ցածր մակարդակ է սահմանվել։ Որոշ բանկերում այն կազմում է 2 դրամ 1 ռուբլու դիմաց, իսկ, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանակման կետում ռուսական 1 ռուբլին գնվում է 1.5 դրամով։

Հետաքրքրական է, որ այս անկման ֆոնին ռուբլու վաճառքի մակարդակը բանկերը շարունակում են հարաբերական բարձր պահել։ Ամենացածր փոխարժեքն այսօր գրանցվել է 5.11 դրամի սահմանում, ամենաբարձրը` 6.5։ Ընդ որում, վաճառքի փոխարժեքը շաբաթ– կիրակի ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է 0.01 դրամով։

Այս կերպ, փաստորեն, ստեղծված իրավիճակից օգտվելով, Հայաստանի բանկերը էժան ռուբլի են գնում ու թանկ վաճառում։