Մուրադ Փափազյան․ Սինանյանը գալիս է Ֆրանսիան՝ հայ համայնքը տկարացնելու համար

Մենք պետք է բարձրացնենք արտաքին հարաբերությունների մակարդակը, որովհետև հնարավորություններ կան, որ Հայաստանի շուրջը նոր հետաքրքրություններ ստեղծվեն, ավելի լուրջ համագործակցություն լինի այլ երկրների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Սփյուռքը ներկա է 30 երկրում, այդ երկրներում մենք աշխատում ենք։ Մենք ունենք այդ ուժը Սփյուռքում, որն ընդհանրապես Հայաստանը չի օգտագործել ու չի օգտագործում այսօր: Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք նաև հայրենիքին: ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ»,- ասաց նա:

Հարցին՝ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անջրպետ է նկատվում, ինչպե՞ս պետք է լուծել, Մուրադ Փափազյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ։

«Միայն Գերագույն հանձնակատարով չի կարելի լուծել այդ խնդիրը, մանավանդ երբ Գերագույն հանձնակատարը գալիս է Ֆրանսիա հայ համայնքը տկարացնելու համար, և ավերելու այն աշխատանքները, որոնք տանում ենք մենք»,- նշեց նա։

Մուրադ Փափազյանի խոսքով, Ֆրանսիան այն համայնք է, որ լուրջ հաջողություններ է արձանագրել Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի Հանրապետության, Հայաստանի զորակցության ուղղությամբ. «Ֆրանսիան այն երկիրն է, ուր Թուրքիային և Ադրբեջանին չի հաջողվում հասնել մեր մակարդակին։ Ինչու է Գերագույն հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը գալիս Ֆրանսիա, փորձում ուժ տալ ուրիշ կազմակերպության, փորձում տկարացնել ավանդական կազմակերպություններին, որոնք դաշտում հաջողություններ են արձանագրել։ Ինչո՞ւ, եթե ոչ տկարացնելու համար Ինչո՞ւ է ուզում տկարացնել համայնքը», տեղեկացնում է News.am։