Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին

Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։

ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ պատվիրակության անդամները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։

Հանդիպումն անցկացվել է Բելառուսի տարածքում։ Ուկրաինական պատվիրակության անդամներն այդտեղ են ժամանել այսօր առավոտյան ուղղաթիռով՝ Լեհաստանի տարածքից, անվտանգության նկատառումներից ելնելով։

Ռուսաստանյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ բանակցելու համար Մինսկ էր ժամանել դեռ կիրակի օրը ու սպասում էր հանդիպման տեղի վերաբերյալ որոշմանը։

Ավելի քան 4 ժամ ձգված բանակցությունների ընթացքում երկու ընդմիջում է եղել։

Բանակցություններում Մոսկվան ներկայացնում էին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։

Կիևը ներկայացնում էին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը։

Բանակցությունների անհրաժեշտության մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր դեռ փետրվարի 24-ին՝ միաժամանակ առաջարկելով դրանք անցկացնել Մինսկում։ Նույն օրվա երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնություն հայտնեց բանակցել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, սակայն ավելի ուշ հրաժարվեց հանդիպումը Բելառուսում անցկացնելուց։

Դրան հաջորդեց Լուկաշենկոյի հեռախոսազրույցը Զելենսկու հետ, որից հետո Ուկրաինան այնուամենայնիվ համաձայնեց բանակցությունների համար ժամանել Գոմելի մարզ։