Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել ու դատապարտել Ադրբեջանի հարձակումները հայերի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ շարունակվող ատելության քարոզն ու պատժել նախորդ տասնամյակների ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների պատասխանատուներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սումգայիթի ջարդերի 34-րդ և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված իր հայտարարության մեջ:

Փալոնը հիշեցրել է, թե ինչպես հարյուրավոր հայեր, ովքեր բնակվում էին Սումգայիթում և Բաքվում 1988 և 1990 թվականներին էթնիկ հողի վրա իրականացված հետապնդումների հետևանքով սպանվեցին, բռնաբարվեցին, ողջակիզվեցին, իսկ մնացածները՝ տեղահանվեցին: «Ադրբեջանական կառավարությունը մեղսակիցն էր այս բոլոր կոտորածների՝ օգտագործելով բռնություն քարոզող հռետորաբանություն, որն էլ հանգեցրեց կոտորածների, և չանելով ոչինչ՝ դադարեցնելու հայ քաղաքացիների դեմ բռնությունները: Ադրբեջանը նախորդ երկու տասնամյակների ընթացքում քայլեր է ձեռնարկել կոծկելու մարդկության դեմ այս հանցանքներն ու հերքելու Սումգայիթում ու Բաքվում իրականացված կոտորածները: Շատ ավելի մտահոգիչ է, որ ադրբեջանական կառավարությունը գովաբանեց այս իրադարձությունների ու նմանօրինակ դաժան հարձակումների հեղինակներին: Նախագահ Ալիևի ռեժիմը մինչ օրս շարունակում է օգտագործել ատելության հռետորաբանությունը հայերի դեմ, այդ թվում և 2020 թվականի աշնանն Արցախում ադրբեջանական մահաբեր հարձակումների նախօրեին: Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն իրականացրեցին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- նշել է Փալոնը՝ խոսելով ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից արցախյան վերջին պատերազմում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, մարդկանց գլխատումների ու խոշտանգումների մասին:

«Ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով սարսափելի հարձակումները և սգալով բոլոր նրանց, ովքեր դաժանաբար սպանվեցին Արցախում և հայկական հողի վրա՝ ադրբեջանական հետագա հարձակումների հետևանքով: Կարևոր է, որ Միացյալ Նահանգները ճանաչեն ու դատապարտեն բոլոր քաղաքացիական անձանց դեմ դաժան հարձակումները: Եթե մենք չդատապարտենք ու չպատժենք մարդկության դեմ հանցագործություններն ու էթնիկ բռնությունը, մենք կդառնանք պասիվ ականատեսներ, ովքեր չեն կարողացել սերտել 20-րդ դարի դասերն ու ձախողել են ողջ աշխարհում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու խոստումը: Եթե մենք կոշտ դիրքորոշում չընդունենք նրանց հանդեպ, ովքեր կոտորածներ են իրականացնում, դա նրանց քաջություն կհաղորդի և կխրախուսի մյուսներին ապագայում էլ նման սարսափելի արարքներ գործել»,- հայտարարել է Փալոնը՝ նշելով, որ այս դասերը հատկապես կարևոր են այս ապրիլին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի շեմին:

ԱՄՆ կոնգրեսականը հավաստիացրել է, որ շարունակելու է աշխատանքն իր գործընկերների հետ՝ ոգեկոչելու Բաքվի և Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի զոհերին: «Հուսով եմ՝ գործընկերներս կմիանան ինձ բռնության հռետորաբանությունը, ահաբեկումը ևմարդու իրավունքների բացահայտ խախտումները մերժելու գործում: Դրանով մենք կվերահաստատենք մոր հանձնառությունը՝ հասնելու Կովկասում տևական խաղաղության»,- եզրափակել է Ֆրանկ Փալոնը: