Եզդիները միավորվում են պատմական հայրենիքը վերադարձնելու նպատակով
Հայաստանում բնակվում է եզդիական մեծ համայնք, որը, ինչպես եզդիական սփյուռքի մյուս գաղթօջախները, բազմաթիվ գործոնների հետևանքով ու պատճառներով հեռու է ապրում հայրենիքից: Հայաստանի եզդիական համայնքն ամենախոշոր ազգային փոքրամասնությունն է մեր երկրում. Եզդիների տվյալով՝ իրենց թիվը ՀՀ-ում մոտ 35 հազար է: Եզդիների բնօրրանը Իրաի հյուսիսում գտնվող Սինջարի (Շանգալ) շրջանն է, խոշոր եզդիական համայնքներ կան նաև Ռուսաստանում և Գերմանիայում։
Եզդիների համոզմամբ, համաշխարհային զարգացումները, մասնավորապես Իրաքում և տարածաշրջանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները իրենց բնօրրանում ազգային նպատակների պայքարի պատմական նոր փուլ թևակոխելու հույս են ներշնչում:
NEWS.am-ի հետ զրույցում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Թամոյանն ասաց, որ ձևավորվել է միջազգային ասպարեզում եզդի ժողովրդի շահերի պաշպանությանը կոչված կառույց՝ «Եզդիների ավագանի» բարձրագույն մարմինը:
Խդր Թամոյանի խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակը Միջագետքում, մասնավորապես Սիրայում և Իրաքում, ազգային-մշակութային ինքնավարության ձևավորելն է։
Իրաքում ձևավորված խորհրդի նպատակը ևս՝ միջազգային հարթակներում եզդի ժողովրդի շահերը ներկայացնելն է.
«Արդեն սկսվել է գործընթացը, և շատ եզդիներ իրենց հայտերն են ուղարկում այդ նախաձեռնությանը։ Յուրաքանչյուր եզդիական տոհմի ներկայացուցիչ իր տվյալներն ուղարկում է մեր ստեղծած կայք (yezidi.club), որպեսզի ինքն էլ միանա այդ նախաձեռնությանը»։
Միության նախագահի համոզմամբ, եզդի ժողովրդի իրավունքները նախկինում պաշտպանված չեն եղել, բայց այժմ դրական տեղաշարժ է նկատվում։
«Դեռևս 2017 թվականին գիտական հետազոտություն է անցկացվել, որով եզդիները ենթարկվել են գենետիկ ուսումնասիրության, և փաստվել է, որ եզդիները ունեն մոտ 7 հազար տարվա պատմություն։ Իրաքի հյուսիսային հատվածում մենք ունենք մեր պատմական տարածքները, սակայն մոտ 400 հազար եզդիներ վրանների տակ են ապրում. իրենք իրենց հայրենիքում փախստականի կարգավիճակ ունեն։ 2003-ից մինչև այժմ եզդիները տեսել են 2 ցեղասպանություն։ Հայաստանն առաջին երկիրն է, որ եզդիներին որպես ազգություն է ճանաչել։ Այսպիսով, ամբողջ աշխարհին ներկայացնում ենք մեր ինքնությունն ու պատմությունը, որպեսզի ճանաչեն եզդիներին՝ որպես էթնիկ միավոր։ Մենք եզդիների փրկությունը տեսնում ենք միայն ինքնավարության ստեղծմամբ»,- ասաց Եզդիների ազգային միության նախագահ։
Խդր Թամոյանը նշեց, որ նախաձեռնությանը միացած եզդիներն առաջիկայում նախատեսում են միջազգային գիտաժողովներ անցկացնել, որոնց մասնակցելու են հասարակական գործիչներ, ակտիվիստներ, պատմաբաններ։