Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 2-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին։ Այս մասին միջնորդության քննարկման ավարտից հետո հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ վերջին նիստին երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել մեղադրանքի անորոշության կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու մասին։ Ինչպես նշեց փաստաբանը, բողոքարկման առարկան Քրեական դատավարության օրենսգրքում առկա օրենսդրական բացն է։ Օրենսգիրքը դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանել մեղադրանքը, երբ այն պարզ չէ շարադրված, սակայն, միևնույն ժամանակ, պարզաբանման պարտավորություն չի դնում դատախազի վրա։ Միաժամանակ փաստաբանը միջնորդել է գործի վարույթի կասեցման վերաբերյալ:
Գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։