ՎԻՎԱ-ՄՏՍ. ԳՐԵԹԵ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ՝ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արդեն 17 տարի, Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է երկրին ու հասարակությանն օգտակար լինելու տրամաբանությամբ: Ընկերություն համար արժեհամակարգ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Կարևոր են համարվում հատկապես երկարաժամկետ արդյունք տվող ծրագրերը: Դրանցից մեկն էլ Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող՝ բնակարանաշինության ծրագիրն է: Ավելի քան տասը տարի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ գործընկերությամբ, հաջողվել է շահառու ընտանիքների թիվը հասցնել մոտ չորս հարյուրի: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Արագածոտնի մարզում: Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, միայն այս մարզում աջակցություն է ստացել 69 ընտանիք: Զարինջա գյուղում բնակվող Մովսիսյանների ընտանիքը շահառուներից մեկն է, որի նորակառույց տանն էլ հյուրընկալվել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները:
«Սովորաբար, ծրագրերի արդյունքը գնահատվում է թվերով և չոր փաստերով: Դա հաշվետվության տեսանելի կողմն է: Կա նաև անչափելի արդյունք. երջանկությունը, որն զգում են տարիների դժվարությունների միջով անցած մարդիկ: Մեզ համար հավասարաչափ կարևոր են երկուսն էլ: Գուցե նաև դա է պատճառը, որ համավարակի ու պատերազմական իրադարձությունների պայմաններում, անգամ, կարողացանք շարունակել ծրագիրը: Երբ կա նպատակ՝ գտնվում են նաև դրան հասնելու ճանապարհները: Այս ծրագիրը երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու ճանապարհներից մեկն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ընտանիքների՝ տան կարիքը տարբեր մարզերում շատ տարբեր է լինում: Փորձում ենք հնարավորինս աջակցել բոլոր այն ընտանիքներին, որոնք պատրաստակամ են, անկախ նրանից՝ վագոն-տնակում են ապրում, թե կիսակառույցում: Արդյունքում՝ բոլորն էլ ունենում են պարզ ու հարմարավետ կացարան՝ առնվազն կենցաղային հոգսից ազատված կյանք ապրելու համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վահրամի ընտանիքը կիսակառույց է ձեռք բերել դեռ տասը տարի առաջ. հայրական՝ ծանրաբեռնված ընտանիքից առանձնանալու նպատակով: Տան շինարարությունն ավարտելու հույսերը, սակայն, տարեցտարի նվազել են, հոգսերը՝ շատացել: Երեք տարի առաջ, Վահրամն իր կնոջ ու երկու զավակների հետ տեղափոխվել է բետոնե հատակով ու պատերով, կաթացող տանիքով կիսակառույց և միայն գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ է կարողացել ավարտին հասցնել ձգձգվող շինարարությունը: Արդեն չորս ամիս է, ինչ ընտանիքն ապրում է ջեռուցվող ու հարմարավետ տանը;
«Մենք աշխատող մարդիկ ենք, ինչպես ասում են՝ քարից հաց քամող, սակայն, ինչքան էլ փորձում էինք տնտեսել ու ծախսել տան շինարարության վրա, ոչ մի կերպ չէր ստացվում: Ձեր օգնությունը եթե չլիներ՝ չգիտեմ, թե քանի տարի երեխաներս բետոնի վրա պիտի մնային, առանց տարրական պայմանների, խոնավ ու ցուրտ պատերի մեջ: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր էր: Շնորհակա՛լ ենք», -ասել է ընտանիքի հայրը՝ Վահրամը:
Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը հաստատակամ է: Կողմերը կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում:
2000թ.հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին: