Սեյրան Օհանյան․ Մանդատները վայր դնելը կախված կլինի խմբակցության աշխատանքի արդյունքներից
Մանդատները վայր դնելը կախված կլինի խմբակցության և ժողովրդի աշխատանքի արդյունքներից։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա վստահեցրեց, որ եթե արդյունքները ցույց տան, որ պետք է դիմել համապատասխան քայլի, ապա նման քայլ կարվի։ Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը մշտապես հանդես է գալիս առաջարկներով, այդ թվում՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով, որոնք մերժվում են իշխանության կողմից։ «Պայքարը պետք է թափ հավաքի, և դա կախված կլինի տարածաշրջանի և Հայաստանի իրավիճակից։ Այսօրվա իշխանությունը ձեռնտո՞ւ է քաղաքացիներին։ Թող գնահատեն այն մարդկանց, ովքեր պատրաստ են շարունակել պայքարը մեզ հետ։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր ժամանակը և պետք է հասունանա։ Մեր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ում փորձն անհամեմատելի է այսօր պետական կառավարման համակարգում գտնվողների փորձի հետ»,- ասաց Օհանյանը։
Նա ընդգծեց, որ ծանոթ չէ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն խոսքերին, թե ինքը պատրաստ է գրազ գալ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն հրաժարվի իրենց մանդատներից, եթե նույնիսկ նրանց վրա զենք պահեն։ Նա Զոհրաբյանին խորհուրդ տվեց «զբաղվել իր գործով»՝ բացատրելով, որ «Հայաստան» խմբակցությանը չպետք է հուշեն՝ վայր դնել մանդատները, թե՝ ոչ։ «Մեզ այստեղ ուղարկել է 270 հազար մարդ, և նրանց հետ սերտ աշխատանքի արդյունքում որոշում կկայացվի»,- ասաց Օհանյանը։
Նա շատ ցածր համարեց խորհրդարանական վերահսկողության մակարդակը, այդ թվում՝ սահմանային իրավիճակի վերահսկողության առումով։ «Ինչո՞ւ խորհրդարանը վերահսկողություն չի իրականացրել, որպեսզի պատերազմից հետո մեր զորքերի հետ չքաշվեն։ Չէի՞ք հասկանում, որ կարող է գալ սահմանազատման ժամանակը։Չէի՞ք հասկանում, որ պետք է հզորացնել բանակը։ Փոխարենը ուժեղացրել են ոստիկանությունը։ Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական դիրքերի տեղադրմանը, մենք բազմիցս հրավիրել ենք պաշտոնյաների, բայց եկել են միայն զինվորականները, ովքեր չեն կարողացել պատասխանել քաղաքական հարցերին։ Երբ անհրաժեշտ էր մեր զորքերը տեղակայել թշնամու դեմ և թույլ չտալ, որ նրանք մարտական դիրքեր հաստատեն ճանապարհին, իշխանությունը դա չարեց, այլ անմիջապես մաքսակետ տեղադրեց»,- ասաց Օհանյանը։
Նա նկատեց, որ խորհրդարանական մեծամասնությունը չի համարձակվում գնահատական տալ «Շուշիի հռչակագրում» նշվող նախապայմաններին, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ «Դրանով Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական օրակարգից դուրս բերելուն, նրանք պատրաստ են ճնշում գործադրել Հայաստանի վրա, եթե վերջինս փորձի վերականգնել իր բանակը։ Բայց իշխանությունը չցանկացավ դատապարտել այս ամենը։ Թուրքիայի հարցով հատուկ բանագնացը նշանակվում է բանավոր դիմումի հիման վրա՝ առանց օրինական ընթացակարգերի, նույնիսկ՝ համատեղությամբ։ Նույնը վերաբերում է 44-օրյա պատերազմը հետաքննող հանձնաժողովի ղեկավարի՝ պաշտոնների համատեղմանը։ Սա անընդունելի է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը, տեղեկացնում է News.am-ը։