ՀՀ-ում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ
ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը կայունացել է, և առողջապահության նախարարությունը որոշել է մեղմացնել սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը հանվել է` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում դիմակ դնել՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%, նախորդ 37.9%-ի փոխարեն:
Առողջապահության նախարարությունը հավելում է, որ սահմանափակումների վերաբերյալ որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: