ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՑ «ԱՍԱԼԱ»-Ի ՀԱՄԱՐ

Այսօր առավոտից ԱԺ-ում ծավալվելու է հերթական զավեշտը. այս անգամ «նախագահի ընտրություններ» անվանումով։ Ոչ ոք չի կասկածում, որ նախապես կազմած սցենարը ՔՊ- խմբակցության կողմից կխաղարկվի հալած յուղի պես և դժվար թե լուրջ խափանում տա։ Քանզի միակ թեկնածուն միանգամայն ներդաշնակորեն զետեղված է անսկզբունքային, ապաշնորհ, բարոյական ու ազգային որևէ կողմնորոշումից զուրկ, ոչ մի ոլորտում չկայացած և իր պարագլխին ամեն ինչում կուրորեն ենթարկվելու պատրաստ ուսապարկերի հանցավոր թիմի շարքերում։

Ըստ էության, հենց թվարկված հատկանիշների ողջ տեսականու առկայության հաշվառումով էլ իշխող կուսակցության կողմից առաջադրվեց հավատարիմ ՀՀՇ-ական և Լ.Տեր-Պետրոսյանի վեցնոց Վահագն Խաչատրյանը։ Այդ մարդու բացարձակ դիմազրկության և նման բարձր պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ գիտելիքների, փորձի, արժանիքների և հատկանիշների իսպառ բացակայության մասին խոսվել ու գրվել է արդեն բազմիցս։ Պետք է խոստովանել, որ Նիկոլի համար սույն ընտրությունը կատարյալ է։ Այն հարցազրույցները, որոնք էյֆորիայի պոռթկումով արդեն հասցրել է բաժանել նրա թեկնածուն, լիովին ապացուցել են դա. Խաչատրյանը նույնիսկ չի փորձում թաքցնել իր իր նոր բոսսի կամքին ամեն ինչում և միշտ հնազանդվելու պատրաստակամությունը։

Բայց այստեղ կա ևս մեկ տեսանկյուն, որի մասին վերջերս գրել է «Երկիր» օրաթերթը: Հրապարակման մեջ ներկայացված և թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններին հղումով հաստատված փաստերը իսկապես ցնցող են, թեև տեղի են ունեցել ավելի քան 10 տարի առաջ: Այն ժամանակ Խաչատրյանը ՀՀՇ-ի ժառանգորդի՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի անդամ էր և մասնակցել էր (թուրքերը գիտեն, թե ում հրավիրել) Չուքուրովայի համալսարանի կազմակերպած ինչ-որ միջոցառման։

Այդ ուսումնական հաստատությունը գտնվում է (ուշադրությո՛ւն) Ադանայում, իսկ բուն հավաքը կոչվում էր «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների քննարկում Ադանայում»։ Թե ինչու էին կազմակերպիչները միջոցառման թեմայի մեջ շեշտել քաղաքի անունը, կարծում եմ, բացատրելու հարկ չկա։ Բայց Խաչատրյանին այդ հանգամանքը բնավ չի շփոթեցրել, իսկ գուցեև ավելի է ոգևորել՝ անելու այն հայտարարությունները, որոնք նա թույլ տվեց իրեն հնչեցնել այնտեղ։

«Հայաստանում ոչ ոք չի ցանկանում հետ նայել, այստեղ նպատակը ազատ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» ստեղծելն է։ Սակայն, ցավոք, այս թեմայով ցօրս ոչ մի դրական արդյունք չի գրանցվել», - հայտարարել է նա։ Այնուհետ գովել է այն ժամանակ դեռևս վարչապետ Էրդողանի վարած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը և նշել, որ անկախ տարածաշրջանային մյուս ուժերից՝ Հայաստանն ու Թուրքիան պետք է կարողանան ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Որից հետո Նիկոլի ապագա նախագահը հիրավի խոր միտք է արտահայտել. պարզվում է՝ Հայաստանում շատ են սոցիալ-տնտեսական խնդիրները, ուստի քաղաքացիները չեն կարողանում շատ մտածել անցյալի իրադարձությունների մասին, իսկ այ արտասահմանում (Ֆրանսիա և ԱՄՆ) բնակվող հայերը նման խնդիրները քիչ ունեն, ուստի ավելի շատ են հետաքրքրվում Ցեղասպանության թեմայով։

Որից հետո Խաչատրյանը հայտարարել է, որ շատ կարևոր է Թուրքիայի կողմից գոնե մեկ ներողությունը Հայոց ցեղասպանության համար, քանի որ դա «մինչև վերջ կարող է բացել բոլոր դռները»: «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել տարածաշրջանում արյունահեղ հակամարտությունների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար։ Որպես Հայաստան, մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից, բայց այդ ուղղությամբ Թուրքիայում ոչ մի տեղաշարժ չկա։ Հերիք է այսքան վիճաբանություններին, երկու երկրների միջև վեճերին պետք է վերջ տրվի»,- ամփոփել է Տեր-Պետրոսյանի պատվիրակը։

ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, ՍԱ ԵՂԵԼ Է 2011 ԹՎԱԿԱՆԻՆ։ Առաջանում են բազմաթիվ հարցեր, և դրանցից առաջինը հետևյալն է. ո՞վ է թույլ տվել Հայաստանում առանձնապես ոչ հայտնի և երբեք ոչնչով աչքի չընկած գործչին նման սրբապիղծ հայտարարություններ անել մեր երկրի և ողջ ազգի անունից։ Հաշվի առնելով, թե ով էր նրա շեֆն այն ժամանակ, նման մոտեցումներն, իհարկե, միանգամայն բացատրելի են. անհասկանալի է միայն, թե ո՞վ է նրան իրավունք տվել խոսել հայ ժողովրդի անունից։

Իսկ եթե այս ամենին նայենք այսօրվա իրողությունների տեսանկյունից, ապա պարզ է դառնում, որ Վահագն Խաչատրյանի ընտրության հարցում իշխող ուժն ու նրա տերերը, անշուշտ, իսկ գուցեև առաջին հերթին, հաշվի են առել նրա դիրքորոշումը (թեև սեփական դիրքորոշում այդ սուբյեկտը չի ունեցել երբեք) Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում և այդ ուղղությամբ նույնպես Փաշինյանին աջակցելու բացարձակ պատրաստակամությունը։

Այնպես որ այսօր արդեն այլ հարց է ծագում. կհամաձայնի՞ արդյոք Խաչատրյանը արդեն որպես նախագահ կրկնել 2011 թվականին Ադանայում իր արած ցինիկ հայտարարությունները։ Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է։ Մանավանդ որ իշխանություններն անդադար խոսում են Անկարայից ստացած «դրական ազդակների» մասին, որոնց բացակայությունից նա դժգոհում էր 10 տարի առաջ։ Այնպես որ եթե վաղը Հայաստանի գործող վարչապետն ու նախագահը մեր անունից ներողություն խնդրեն Թուրքիայից «ԱՍԱԼԱ»-ի գործողությունների և այլ «արյունալի բախումների» համար, չզարմանաք. ամեն ինչ դրան է գնում։

Եվ եթե իսկապես բանը հասնի դրան, ապա պետք է ազնվորեն խոստովանել, որ տե՛ղն է մեզ ամենքիս։ Քանի որ ամեն անգամ, երբ թվում է, թե արդեն գլորվել ենք ամենախոր հատակ, ներքևից աղմուկով թակում են, բայց մենք չգիտես ինչու համառորեն չենք ցանկանում լսել դա և պարզապես թաքցնում ենք գլուխն ավազի մեջ։