Կիևից, Մարիուպոլից և Խարկովից հեռանալ ցանկացողների համար միջանցքներ են կազմակերպվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևից, Մարիուպոլից և Խարկովից հեռանալ ցանկացող խաղաղ բնակչության համար անվտանգության միջանցքների կազմակերպման մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ բոլոր խաղաղ բնակիչները, ովքեր, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկանում են հեռանալ Մարիուպոլից, կարող են Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով գնալ դեպի արևելյան ուղղությամբ։ «Դա վերաբերում է նաև Կիևի բնակիչներին, ովքեր կարող են լքել քաղաքը Վասիլկովի ուղղությամբ։ Ռուս զինծառայողները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում խաղաղ բնակչության ելքի համար»,- ընդգծել է Կոնաշենկովը։

Նա հայտնել է, որ Խարկովի հարավ-արևմուտքում Լյուբոտինի ուղղությամբ անվտանգության միջանցք կա, տեղեկացնում է News.am։