Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները տեղի կունենան Բրեստում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Բրեստի շրջանում և դրանք կարող են սկսվել ժամը 15։00-ին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Նա տեղեկացրել է նաև, որ լուրերը, թե բանակցությունները տեղափոխվել են մեկ այլ օր և մեկ այլ տեղ, չեն համապատասխանում իրականությանը։
Մեդինսկին նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր մարտի 2-ի երեկոյան Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Սկզբում նշվում էր Բելովեժյան թավուտում հանդիպման մասին, սակայն ուկրաինական կողմը չհամաձայնեց տեղի սիմվոլիզմի պատճառով (հենց այնտեղ 1991 թվականին ստորագրվեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների միջև) ։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայրում սպասելու է ուկրաինական ներկայացուցիչներին: Կրեմլի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, որևէ կանխատեսում չի արել բանակցությունների հնարավոր ելքի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։