Ազդելու բոլոր մեթոդներն օգտագործվել են․ Զախարովան՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում հակառուսական բանաձևի մասին
Արևմտյան երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ անասելի ջանքեր են գործադրել, որպեսզի ապահովեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ընդ որում, օգտագործվել են պատվիրակության վրա ազդելու բոլոր մեթոդները, աշխատել են ինչպես Նյու Յորքում, այնպես էլ մայրաքաղաքներում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՝ պահանջելով Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում հատուկ գործողությունը և դուրս բերել զորքերը։
«Եղել է և՛ բացահայտ շանտաժ, և՛ կաշառելու փորձեր, եղել են նաև պատժամիջոցների սպառնալիքներ։ Ահա այսպես են միջազգային միասնություն կորզել։ Ընդ որում, փաստաթուղթն անվերապահ աջակցություն չի ստացել, տասնյակ երկրներ հրաժարվել են քվեարկել դրա օգտին», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը կոգևորի Կիևի ծայրահեղականներին, ազգայնականներին՝ շարունակել իրենց հանցավոր գործողությունները, որոնց գերին են դառնում խաղաղ բնակիչները։ Բանաձևը կնպաստի ռուսալեզու բնակչության նկատմամբ հետագա ծաղրուծանակի, ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերում խիտ բնակեցված շրջաններում ռազմական տեխնիկայի տեղակայմանը՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին, զենքի կամայական բաշխմանը:
«Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրության՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անկարողությունը, որպեսզի Կիևի իշխանություններին ստիպեն ստանձնել Մինսկի համաձայնությունների պարտավորությունները», - ասել Է Զախարովան:
Ավելի վաղ՝ մարտի 3-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում զբաղվում է շանտաժով և ձեռքեր ոլորելով, որպեսզի երկրները քվեարկեն հակառուսական բանաձևերի օգտին: