Պոդոլյակ. Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլն է պլանավորում
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների մասին է խոսել, հայտնում է «РБК-Ուկրաինան»։
Մինչ բանակցությունները Ուկրաինայի իշխանությունները պլանավորել էին մի շարք հարցեր լուծել։ Խոսքը, մասնավորապես, կրակի անհապաղ դադարեցման, հրադադարի և խաղաղ բնակիչների հեռացման համար մարդասիրական միջանցքի մասին էր։
«Չստացանք այն արդյունքները, ինչ ակնկալում էինք։ Կողմերը մոտ ապագայում կշարունակեն բանակցությունները երրորդ փուլում»,- ասել է Պոդոլյակը։
Առայժմ միայն հումանիտար հարցում է առաջընթաց գրանցվել։ Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը պայմանավորվել են մարդասիրական միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ։ Փոխգործակցության համար կապի հատուկ խողովակ կստեղծվի, տեղեկացնում է News.am-ը։