«Հրապարակ»․ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՅԼԵՎՍ ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել հաջորդ ընտրություններում չառաջադրվել նախագահի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Այս մասին նա հայտարարել է դեռ հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ։

Թերթը գրում է, որ այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում, իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն «անգլուխ» չմնա` մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել»։ Նշվում է, որ Արցախում նախատեսում են պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ ներդնել Սահմանադրության մեջ:

«Նախագահ ընտրելուց առաջ, սկզբում կկայանան խորհրդարանի ընտրությունները` 2023-ի սկզբին, և կուրվագծվի, թե որ քաղաքական ուժն է երկրի բնակչության վստահությունը վայելում, ապա դրանից հետո՝ նոր նախագահի ընտրություններ: Խորհրդարանում մեծամասնություն գրաված քաղաքական ուժերն էլ նախագահ կառաջադրեն, բնականաբար, Ռուսաստանի հետ համաձայնեցված»,– գրում է «Հրապարակը»:

Հայտնում են` այս պահի դրությամբ Արցախում ծանրակշիռ են համարվում Դաշնակցությունը, նախկին նախագահների հետ կապ ունեցող անձինք և ուժերը, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը», բայց մինչև ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա նոր դասավորումների համար։

Sputnik Արմենիա