Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջում է Թուրքիային ստիպել մասնակցել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին

Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, այլապես ռուսական տնտեսությանը ուժեղ հարված չի հասցվի:

Վարվիցիոտիսը կարճ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Առլ քաղաք ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդին ժամանելուն պես:

Նա նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում վերջին իրադարձությունների կապակցությամբ, հատկապես «Զապորոժիեի ԱԷԿ-ին գիշերային հարվածներից հետո», և ընդգծել է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի «պատժամիջոցներն իմաստ ունենան» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դրդեն ռազմավարության փոփոխման:

«Հենց այդ պատճառով մենք կխնդրենք ԵՄ-ում մեր գործընկերներին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա կատարի ԵՄ մյուս երկրների պահանջները տնտեսական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ։ Առանց Թուրքիայի այդ պատժամիջոցներն այնպիսի ուժեղ հարված չեն հասցնի ռուսական տնտեսությանը, ինչպիսին ցանկանում էինք», - ասել է Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը ։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 1-ին հայտարարել էր, որ Թուրքիան չի ցանկանում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան պետք է գործի՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները և չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Անցած հանգստյան օրերին Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Ռուսաստանի դեմ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։