Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՐԿՈՒ ԼՐԻՎ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՀՀ կառավարությունը պետք է մանրակրկիտ տնտեսական և քաղաքական վերլուծություն կատարի՝ հասկանալու, թե ինչ է Հայաստանին սպասվում Ռուսաստանի հաղթանակից կամ պարտությունից հետո։ Այս պահի դրությամբ, սակայն, հարցի առնչությամբ քննարկումներ կամ խորհրդարանական լսումներ չեն կազմակերպվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա համոզմամբ՝ գործադիրը պետք է բավականին լուրջ հաշվարկներ իրականացնի՝ հասկանալու, թե ստեղծված իրավիճակում ինչ ծավալի վնասներ է կրում Հայաստանի Հանրապետությունը, թե ինչպես պետք է այդ վնասները փոխհատուցվեն և այլն։
«ՀՀ իշխանությունը պետք է կառավարության և խորհրդարանի մակարդակներով հրապարակային բազմակողմանի քննարկումներ ծավալի, ինչն այս պահի դրությամբ չի կատարվում։
Քաղաքական հետևանքները չեն ուշանալու, և Հայաստանում պետք է հասկանան, որ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի կամ պարտության դեպքում մեզ համար երկու լրիվ տարբեր իրավիճակներ են ստեղծվելու։
Չմոռանանք, որ ապրիլին Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել են Մոսկվա։ ՌԴ-ի հաղթանակի դեպքում ՀՀ իշխանություններին, բնականաբար, որոշակի պայմաններ են առաջադրվելու»,- նշեց քաղտեխնոլոգը՝ չբացառելով, որ Ռուսաստանի պարտության կամ նահանջի դեպքում թուրքական զորքը Հայաստանի տարածքով շատ հանգիստ կարող է շարժվել ընդհուպ դեպի Ադրբեջան, իսկ Հայաստանը և Ռուսաստանն ուղղակի ոչինչ չեն կարողանա անել՝ կասեցնելու նման սցենարը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հաշվարկի նաև ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգման հնարավորությունը՝ կանխատեսելով, թե ինչ իրավիճակ կստեղծվի այդ դեպքում։
«Այժմ սպասողական վիճակ է, և այս ժամանակահատվածը պետք է օգտագործել բազմակողմանի վերլուծություններ կատարելու համար, ինչը, առնվազն տեսանելի մակարդակով, կրկնում եմ, չի արվում»,- նշեց մեր զրուցակիցը։