«Հրապարակ». ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԳՆԱԼՈՒ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին թեպետ մեկուկես տարի դեռ կա՝ դրանք, ըստ ամենայնի, կանցկացվեն 2023 թ սեպտեմբերին, սակայն քաղաքական դաշտում արդեն սկսել են ակտիվ պատրաստվել։ Առնվազն 3 ֆավորիտային թեկնածուներ կան այս պահի դրությամբ։ Բնականաբար, իշխող թիմը հանդես կգա սեփական թեկնածուով, որը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Վերջին կես տարվա ընթացքում Ավինյանն արդեն ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, ինտենսիվ հանդիպումներ ունենում, այսպես կոչված, ձայն բերող շրջանակների հետ, հատկապես՝ նախկինների, ասում են՝ անգամ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին է փորձել ներգրավել իր ընտրության պոտենցիալ գործընթացին:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոնը, որն առաջին քայլերն արդեն արել է քաղաքական արենայում: Նա նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակի 50-րդ համարն էր:

Առաջադրվելու մտադրություն ունի նաև նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն հնարավոր է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀՀԿ-ն հանդես գան «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմքով, եթե վերջինս առաջադրվի։

Չի բացառվում, որ այլ հավակնորդներ էլ հայտնվեն, քանզի մայրաքաղաքում թեժ պայքար է գնալու, և իշխանությունը չունի մեծամասնություն։

Հիշեցնենք, որ ինչ-որ պահի իշխանությունը քննարկում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի դարձնելու հարցը, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից` հասկանալով, որ դա ճիշտ չի հասկացվի»։

Aysor.am